18 01 2019

Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես էին եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:

Հայ Դատի գրասենյակը արձագանքել է հայտարարությանը:

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «համաձայնել են այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:

Յուրաքանչյուրն էլ «խաղաղություն» է ուզում, դա հստակ է, սակայն «սատանան» մանրամասների մեջ է, որոնք արժե ուսումնասիրել ՀԻՄԱ, քանի դեռ Արցախի կորստին դանդաղորեն հանգեցրած լավ մտադրությունների և քաղաքավարի դիվանագիտության պատճառով դառը ափսոսանքով հետ չենք նայել:

Սեղանին դրված համաձայնությունը հայտնի է որպես «Մադրիդյան սկզբունքներ»: Դրանք Արցախին կոչ են անում ավանսով, ռազմավարական, տարածքային և անդառնալի զիջումների գնալ Ադրբեջանի հետաձգված, անորոշ և շրջելի խոստումների դիմաց, այսինքն` հող` փաստաթղթի դիմաց:

Հանուն «խաղաղության»` այս գործարքին աջակցելը  հայերից կպահանջի հրաժարվել ոչ միայն գիտակցությունից, այլև ինքնապահպանական բնազդից`

1)      հավատալով, թե Արցախի այս հսկայական տարածքների հանձնումը ինչ-որ կերպ Արցախը կդարձնի ավելի ապահով կամ Ադրբեջանն` ավելի քիչ ագրեսիվ,

2)       հավատալով, թե Արցախի կողմից տարածքների հանձնմանը կհաջորդի այն քայլը, որ Ադրբեջանը կհրաժարվի Արցախի ինքնիշխանության դեմ իր նկրտումներից, 

3)      հավատալով, որ եթե Ադրբեջանը վերականգնի Արցախի «ինքնավարությունը»  (սովետական շրջանի ոճով), դա կհանգեցնի խաղաղ և կայուն համակեցության,  

4)      հավատալով, թե Արցախի շուրջ տեղակայված միջազգային խաղաղապահները իսկապես կվտանգեն իրենց կյանքը` արգելափակելու համար ադրբեջանական նոր հարձակումները,

5)       հավատալով, որ արդարացի կլինի հարված հասցնել Արցախի ռազմավարական զիջումներին , այն դեպքում, երբ Ադրբեջանը հետաձգում է իր անորոշ  (կամ հաճախ փոփոխվող) խոստումների իրականացումը,

6)      հավատալով, թե Արցախը պետք է միջազգային համաձայնագրի առարկա լինի` առանց նրա լիիրավ մասնակցության:

#Հիմարների համաձայնություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ