16 01 2019

Մոսկվան 2019-ին առաջընթաց է ակնկալում ԼՂ կարգավորման գործում. Լավրով

Մոսկվան 2019-ին առաջընթաց է ակնկալում ԼՂ կարգավորման գործում. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 16-ին մեծ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանը Ադրբեջանում արդեն 2 տարի շինծու մեղադրանքով կալանավորված` ՌԴ քաղաքացի Մարատ Գալուստյանի արտահանձման հարցով, նա  պատասխանել է, որ օտար երկրում բարդ իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիների հարցը  մշտապես բարձրացվում է երկկողմ շփումների ժամանակ, և հենց այդ թեման վերջերս քննարկվել է Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ:

«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, մեր երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում ենք: Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով հասնել բոլոր կողմերին ձեռնտու արդյունքի և վերադարձնել հայ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել ռուս-ադրբեջանական երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Լավրովը ասել է, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։

Լավրովը խոսել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման մասին, նշելով, որ 2019-ին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում.

«Նախորդ տարի էր, որ Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, և ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեր համանախագահությանը, այն առայժմ սահմանափակվել է միայն ճանաչողական հանդիպումներով։ Այս ամիս նախատեսվում է նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն ծերացողի բնութագրիչներ է ստացել, սակայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի ու միջազգային հանրության աջակցության առկայության դեպքում՝ ի դեմս համանախագահների։ Կարծում եմ, որ լուծում փնտրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, որոնք նաև հնչել են Բաքվից, արժանի են ամեն հնարավոր աջակցության։ Հուսով ենք, որ հայաստանյան մեր ընկերները նույնպես կպատասխանեն փոխադարձությամբ»,- ասել է Լավրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ