Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանել է արտաքին և ներքին քաղաքականության ակտուալ հարցերին։
Անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին, ինչի մեջ հայեր են կասկածվում՝ Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:
«Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»,- ասաց նա և նշեց, որ տարբեր վարկածներ և լուրեր են դրվում շրջանառության մեջ՝ լրագրողներին կոչ անելով ստուգել դրանք:
Անդրադառնալով հնչող գնահատականներին, թե գազի գնի հարցով առկա բանակցությունները ՀՀ իշխանությունների պարտությունն են, Փաշինյանն ասաց․
«Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչն է պարտությունը»։
Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:
Ինչ վերաբերում է խմբակցության նիստի օրակարգին, Փաշինյանը նշել է, որ Կառավարության հավանական կազմը չեն քննարկել։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությունից որ ուժինը պետք է լինի, Փաշինյանն ասաց. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը