07 01 2019

Ի՞նչ կապ կարող է լինել ՀԱՊԿ-ում և Կարագանդայում ընթացող դեպքերի միջև․ Zham.am

Ի՞նչ կապ կարող է լինել ՀԱՊԿ-ում և Կարագանդայում ընթացող դեպքերի միջև․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ի՞նչ կապ կարող է լինել ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացների ու Կարագանդայի արդեն հայտնի դարձած դեպքերի միջև, կհարցնի շարքային ընթերցողը: Չէ՞ որ մի դեպքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հաստատման խնդիրն է, իսկ մյուսում կենցաղային վեճն է հայերի ու ղազախների միջև, որը ողբերգական ավարտ է ունեցել։

Կարելի է համաձայնվել, որ ուղիղ կապ այս երկու իրադարձությունների մեջ չկա: Բայց փորձենք այս խնդիրը դիտարկել նաև այլ տեսանկյունից:

Սկսենք սկզբից. «պատահականորեն» Հայաստանի նոր իշխանությունները հետ են կանչում Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ նախապես տեղյակ չպահելով նրա գործընկերներին: Հետո այս խնդրի շուրջ առաջանում է ճգնաժամ, կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվում են այս պաշտոնում տեսնել Հայաստանի մեկ այլ թեկնածուի:

Հետո «պատահականորեն» Փաշինյանը իր իմիջը փրկելու համար երկրի ներսում սկսում է տեղեկատվական պատերազմ Լուկաշենկոյի դեմ:

Որից հետո կրկին «պատահականորեն» Լուկաշենկոն, ի պատասխան Փաշինյանի, իր մոտ է հրավիրում մինսկում Ադրբեջանի դեսպանին և հրապարակայնորեն հաշվետվություն տալիս ՀԱՊԿ-ի շուրջ գործընթացների մասին: Հետո կրկին «պատահականորեն»Փաշինյանը սկսում է իր տեղեկատվական պատերազմի երկրորդ փուլը, ընդդեմ Լուկաշենկոյի և արդեն՝ Նազարբաևի: Որից հետո արդեն կրկին «պատահականորեն»ՀԱՊԿ-ի չորս անդամները դեմարշ են անում Հայաստանի դեմ և հաստատում են Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Որից հետո տարվա վերջում Փաշինյանը մեկնում է Մոսկվա, բանակցում է Պուտինի հետ, բայց ՀԱՊԿ-ի վերաբերյալ որևէ համաձայնության չի հանգում:

Հետո, կրկին «պատահականորեն», Գյումրիի ռուսական ռազմակայանում դեպք է պատահում, և այդ առթիվ «Սորոսի» հիմնադրամի «հանրային» աշխատակիցները կոչ են անում դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքից:Եվ ահա կրկին «պատահականորեն» Ղազախստանի քաղաքաքներից մեկում կենցաղային վեճի արդյունքում հայերի ձեռքով մահանում է ղազախ երիտասարդը, որի արդյունքում էլ քաղաքում առաջանում են հակահայկական բողոքի ցույցեր: Ավելին, տեղի ղազախ ակտիվիստները հակահայկական ցույցերի հետ մեկտեղ սկսում են հանդես գալ նաև հակաիշխանական կարգախոսներով՝ պահանջելով ավելի արդար համակարգ ձևավորել երկրում: Չգիտեմ թե ինչքանով Ղազախստանում հնարավոր կլինի «սիրո և հանդուրժողականության» ցնցումներ սկսել: Ամենայն հավանականությամբ, դա կախված կլինի տեղի «Սորոսի» հնարավորություններից: Բայց մեկ բան շատերի համար արդեն ակնհայտ է դառնում. այս ողջ «պատահականություններից» մեր՝ հայերիս համար, ոչ մի լավ հեռանկար չի սպասվում:

Քանզի երբ «պատահականությունները» չափից դուրս շատ են լինում, ապա դա սովորաբար կոչում են «կանխամտածված գործողությունների տրամաբանված գործընթաց»:

Իսկ թե որն է այս ամենի վերջնանպատակը, արդեն մշուշոտ տեսանելի է դառնում շատերի համար: Պարզապես մտավախությունը այն է, որ այս ամենը կանխելը հետո ուշ չլինի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Zham.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ