Նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին: Խորհրդարանի առաջին նիստում ձևավորվելու են խմբակցությունները, որից հետո խորհրդարանը ԱԺ նախագահ կընտրի, ապա՝ ԱԺ նախագահի տեղակալներ:
Ազգային ժողովի ձևավորումից հետո խորհրդարանը վարչապետ չի ընտրելու: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում, որից հետո 15-օրյա ժամկետում կազմավորվում է կառավարությունը:
Նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, կառավարության կազմավորումից հետո էլ՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
Նախատեսվում է նաև կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Իսկ նախարարությունների և առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատման օրենսդրական նախաձեռնությունն արդեն խորհրդարանում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը