21 12 2018

Նախարարությունների օպտիմալացման մասին ակտիվ քննարկումները

Նախարարությունների օպտիմալացման մասին ակտիվ քննարկումները

ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստայանը գրել է.

«Մշակույթի, սպորտի և կրթության նախարարությունների հնարավոր կամ արդեն ուրվագծվող միացումն անհանգստացնող է, եթե ոչ՝ անհասկանալի։ Գուցե հետագայում հիմնավորումներ կբերվեն ոլորտում օպտիմալացման անհրաժեշտության, կառավարման նոր մոդելներ որդեգրելու, այլ առաջնահերթություններ սահմանվելու վերաբերյալ, սակայն հրապարակում սոսկ միացման առաջնահերթությունն է և ոչինչ բովանդակության կամ տեսլականի մասին, այն մասին, թե մշակութային ինչ քաղաքականության, ինչ ռազմավարության վրա է հենվելու օպտիմալացումը կամ՝ Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում ինչ տեղ է վերապահված նրան։

Հայաստանի համար առանցքային, խիստ ընդգրկուն երկու ոլորտները`կրթություն-մշակույթ, մեկ տանիքի տակ ամփոփելու մտայնությունը թույլ է տալիս տարակուսել՝ արդյոք գիտակցվում և կարևորվում է մշակույթի դերակատարությունը ինքնության, պետականության, անվտանգության համատեքստում։ (Գրեթե չեմ կասկածում, որ մշակույթը լուսանցքվելու է):  Այնպես էի ուզում հավատալ, որ Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքականությունը պիտի կարողանար պատասխանել հասարակության առջև կանգնած կարևորագույն խնդիրների՝ ինչ երկիր ենք կառուցում, ով է նրա քաղաքացին, ուր ենք գնում։ Այդ քաղաքականությունը կենսունակ պիտի լիներ ամենուր՝ հանրակրթության մեջ, մասսայական լրատվամիջոցներում, քաղաքաշինության և ճարտարապետության մեջ, արդարադատության համակարգում և առհասարակ երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների համատեքստում։

Ավաղ, մշակույթի բախտը համառորեն չի բերում… Տարիներ շարունակ չմտնելով բյուջետային առաջնահերթությունների մեջ, կրելով թերֆինանսավորման կնիքը` այն այնուամենայնիվ նվիրյալների ջանքերով արդյունքներ է ապահովել, հաճախ՝ արժանապատիվ ներկայություն։ Այս դժվար ժամանակներում մենք կարողացել ենք միջազգային հարթակներում ներկայանալ մեր մշակութային կերպով (թերևս մեր միակ մրցունակ բրենդով): Չեմ դադարում արձանագրել՝ մշակույթի հատկապես քաղաքական ընկալումն ու իմաստավորումը մեզանում այդպես էլ չի աշխատում, իսկ մշակութային քաղաքականությունը նախևառաջ ընկալվում է սոսկ որպես գործառույթների ինստիտուցիոն հենքի ապահովում։ 

Ավաղ, երկրի քաղաքական էլիտան այս պահին այլ առաջնահերթությունների շրջագծում է, իսկ գիտամշակութային, հոգևոր կամ ինտելեկտուալ էլիտան առավել քան մեկուսացած է, հասարակության հետ նրա երկխոության մակարդակը ցածր է, եթե ոչ՝ զրոյական։

Արդյունքում՝ մեր ազգային գաղափարական դիսկուրսից բացակայում են ստեղծարար օրակարգերը և դրանցից բխող այնպիսի ծրագրային գործողություններ, որոնք կհաղթահարեն երկրի մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեին մրցունակ ապագային։

Ի՞նչ անել․ • մշակույթի դերի համակողմանի գիտակցումը և իմաստավորումը դարձնել հանրային գիտակցության անբաժանելի մաս, • վերակազմակերպել մշակույթի բյուջետային ֆինանսավորումը՝ այն հասցնելով նվազագույնը 3%-ի, • պրոֆեսիոնալ և մոտիվացված կադրերով բարձրացնել ոլորտի կառավարման արդյունավետությունը, ամրագրել գործուն վերահսկողական մեխանիզմներ, • ապահովել օրենսդրական երաշխիքներ և ընթացակարգեր ինստիտուցիոնալ կառույցների գործունեության, մշակույթի ապակենտրոնացման, տարածքային համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովման համար․ • ի վերջո, մշակութային կապիտալի հաշվարկով մշակել Հայաստան 2023 հեռանկարային ծրագիր, որը կծառայի Հայաստանի արտաքին բրենդի ապասարկմանը, կդառնա քաղաքակրթական, մրցակցային արժեք, մյուս կողմից կապահովի հայ ինքնության սպասարկմանը՝ ի հակադրություն բարոյական նահանջների և պարտությունների։

Պարոնայք, սիրելիներ, մշակույթում մեծ պրագմատիզմ կա, այն մրցունակ երկրի նախապայմանն է, ոչ միայն սոցիալական խնդիրներ է լուծում, այլև ձևավորում ինքնություն ու պետականություն գիտակցող քաղաքացի»։

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախարարությունների օպտիմալացման մասին

1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից:

2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահ նա է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել:

3. ժամանակին Սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին; 2. դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները:

4. Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ»:

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մշնախի աշխատակիցներին ձեռ առնելը հեչ սիրուն չէ։ Իրանց մեղքը չէ, որ համակարգը նորմալ խնդիրներ չի ձևակերպել և ընդհանուր պատկերացում չի եղել, թե որն էր նախարարության էությունը։ Հիմա էլ չկա։ Ու նախարարությունից բաժին սարքելը իմաստ չի ավելացնի։ Երկրին ընդհանուր տեսլական է հարկավոր, որից կբխի համ հարկային օրենսգիրքը, համ Սփյուռքի հետ աշխատանքը, համ մշակութային մոտեցումները»։

Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկին ձևն ու բովանդակությունը խառնվել են, կրկին ձևի մասին խոսվում է իսկ բովանդակության մասին` ոչ: Մշակույթի նախարարության կարգավիճակի մասին խոսվում է, իսկ մշակութային քաղաքականության մասին` լռություն է: Իսկ ի՞նչ տարբերություն.քաղաքականություն չունեցող և քաղաքականություն չվարող մարմինը նախարարությո՞ւն է , թե՞ վարչություն կամ բաժին: Եվ`հակառակը:  Չեմ արդարացնում կառավարության որոշումը. այն սխալ է, շատ սխալ: Բայց քանի դեռ նյութը ձևը`կարգավիճակն է, ոչ թե բովանդակությունը` քաղաքականությունը, համաձայնեք. սա ոչ թե քննարկում է, այլ ընդամենը խոսակցություն: Ու հանգուցալուծումն էլ ցանկացած տարբերակում լինելու է ձևական»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ