Երկու օրվա ընթացքում Ադրբեջանից ստանում ենք հայտարարություններ, ելույթներ, որոնք մտահոգիչ են եւ կրկնակի մտահոգիչ է, որ Հայաստանի նոր իշխանությունը, վարչապետը, որը շատ է սիրում լայվեր մտնել, լռում է, իբր ոչինչ չի եղել: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է դեռեւս ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես հասկանում եմ, որ նոր իշխանությունը զբաղված է ԱԺ-ում պաշտոններ բաշխելու գործընթացով, բայց կարծում եմ՝ անվտանգության հարցերը ավելի կարեւոր են, դեռ կհասցնեք պաշտոններ բաշխել:
Մինչ Փաշինյանը Ալիեւին համարում է կիրթ ու նորմալ անձնավորություն եւ խոսում խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, Ալիեւը դեկտեմբերի 17-ի իր ելույթում չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, համարում է Ադրբեջանի բանակը հիմնական գարանտը Ղարաբաղի խնդրի լուծման, նշում, որ ցանկացած խնդիր կարող է լուծել եւ պարծենում իր սպառազինությամբ՝ չբացառելով սպառազինությունների մրցավազքը: Հետեւություն. Ադրբեջանի ղեկավարը շարունակում է զինվել, հոխորտալ իր բանակի հզորությամբ եւ խնդրի ուժային լուծամամբ:
Նույն ելույթում գիտե՞ք ինչ է ասում Ալիեւը. Պինդ բռնվեք, հիմա մեջբերում եմ Ալիեւին. Ասում է՝ 2018 թվականին ինչ-որ նախիջեւանյան օպերացիայի հետեւանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 հազար հա հող հայ-ադրբեջանական սահմանին: Հետո շարունակում է, որ ստրատեգիական մի քանի բարձունքներ էլ է գրավել Ադրբեջանի զինուժը: մեր իշխանությունը սրան ոչ մի արձագանք չի տվել: Բա չմտահոգվե՞նք: «Ճ» կլասի պաշտոնյա չի խոսել, Ադրբեջանի ղեկավարն է խոսել:
Այս ամենը կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Միլանի հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարում է, որ վերջապես մի շարք կարեւոր հարցերում Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Փաստորեն, վատ, թույլ, վիզը ծուռ նախկին իշխանության հետ փոխըմբռնման չէին գալիս, հիմա այս հզոր, հպարտ իշխանության հետ գալիս են: Կարո՞ղ է Ադրբեջանում դարձել են հայասեր, կարո՞ղ է ուզում են Վիեննայի ու Սանկտ պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացնել, որոշել են ճանաչել Արցախի անկախությունը, Բակո Սահակյանի հետ գնան բանակցությունների:
Այստեղ երկու տարբերակ կա, կամ նրանք հրաժարվել են ուժային լուծումից, կամ էլ… Բայց հաշվի առնելով Ալիեւի ելույթը, երկրորդ տարբերակը կարող է ավելի իրատեսական դառնա:
Դա էլ քիչ է, Մամեդյարովն ասում է, որ 2019-ին շոշափելի արդյունքի են սպասում: Ինձ համար շոշափելի արդյունքը Արցախի անկախացումն է:
Ուզում եմ կառավարությանը հարց տամ՝ էս ի՞նչ նախիջեւանյան օպերացիա է, էս ինչ 11 հազար հեկտար է, էս ինչ փոխըմբռնում ու շոշափելի արդյունք է: Էս ինչ հաշիվ է, վափշե: Բա լայվ մտեք ասեք՝ ժողովուրդ ջան, Ալիեւը որ խոսում է 11 հազար հեկտարից, գլուխը պատով է տալիս, խաբում է: Է՞ս ա ձեր հպարտ քաղաքականությունը:
Եթե Մամեդյարովի ու Ալիեւի շոշափելի արդյունքը «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն է, ապա դա չլինող բան է: Արցախի հարցում կարեւորը Արցախի կարգավիճակն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը