Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140, ընտրության մասնակիցների թիվը 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4706։
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս,
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 կամ 0,68 տոկոս,
ՀՅԴ - 48816 կամ 3,88 տոկոս,
«Իմ քայլը», դաշինք - 884864 կամ 70,42 տոկոս,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80047 կամ 6,37 տոկոս,
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 կամ 0,51 տոկոս,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4121 կամ 0,33 տոկոս,
«Մենք» դաշինք - 25176 կամ 2 տոկոս,
«Օրինաց երկիր» - 12393 կամ 0,99 տոկոս,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն - 22868 կամ 1,82 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս:
Անճշտությունների գումարային չափը 405 է:
ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ։ 88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։
Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։
Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Ազգային ժողովի առաջին նիստի համար կարևորագույն խնդիր է ԱԺ կազմավորված լինելը, իսկ դեկտեմբերի 16-ին ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ։
«Բնական է, որ անտրամաբանական կլինի իրականացնել գործառույթ, որի հիմք հանդիսացող իրավական փաստաթուղթը կարող է վիճարկման առարկա հանդիսանալ։ Դրա համար ԿԸՀ-ն կսպասի մինչև դեկտեմբերի 21-ը՝ ուրբաթ՝ ժամը 18։00-ն, եթե չի լինի Սահմանադրական դատարան ներկայացվող դիմում, այդ դեպքում կնախապատրաստվի արձանագրության կազմը, եթե լինի դիմում, ապա հնարավոր կլինեն հնարավոր ամենատարբեր զարգացումներ»,- պարզաբանեց նա։
Տիգրան Մուկուչյանը, խոսելով վերահաշվարկի ներկայացված դիմումների մասին, նկատեց, որ ներկայացվել է վերահաշվարկի 13 դիմում, որից ընդամենը 2-ն էր, որ պատշաճ կարգով էր ներկայացվել, և վերահաշվարկը միանգամից իրականացվել է։
«Մյուս դիմումները ներկայացված էին ոչ պատշաճ ձևով, այսինքն՝ այն սուբյեկտների կողմից, որոնք նման դիմում ներկայացնելու իրավունք չունեն։ Սակայն, մերժելով այդ դիմումների հիման վրա վերահաշվարկ կատարելը՝ տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ իրականցրել են վերահաշվարկներ, այսինքն՝ 52 տեղամասի հանձնաժողովներ իրականացրել են սեփական նախաձեռնությամբ»,- նշեց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը նկատեց, որ վերահաշվակի ժամանակ հաշվարկվել են ոչ թե դիմում ներկայացված թեկնածուի ձայները, այլ վերահաշվարկն իրականացվել է այնպես, ինչպես տեղամասային ընտրական հանձնաժողովները հաշվարկում են ընտրության արդյունքները։ Մուկուչյանը կարևորեց այն հանգամանքը, որ ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայների հարաբերակցությունը չի փոխվել։
«Եղել է, որ անվավեր թերթիկը համարվել է վավեր, կամ հակառակը, այն էլ եզակի դեպքերով։ Միայն մի դեպք է եղել, որ նույն կուսակցության մեջ մի թեկնածուի օգտին քվեարկած 44 քվեաթերթիկ տեղադրվել է նույն կուսակցության մեկ այլ թեկնածուի վրա։ Մեր կարծիքով՝ սա քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, անմիջապես փաստն արձանագրվել է, նյութերն ուղարկվել են դատախազություն»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը