10 12 2018

Ահա եկել է օր ու գիշեր աշխատելու ժամանակը․ Նիկոլ Փաշինյան

Ահա եկել է օր ու գիշեր աշխատելու ժամանակը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։

Նա ընդգծեց, որ ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները բացառիկ եւ աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ «ըստ էության ամփոփելով ընտրությունների ազատ, արդար եւ ժողովրդավարական լինելու փաստը», եւ սա Փաշինյանը համարեց աննխադեպ իրադարձություն երրորդ հանրապետության պատմության մեջ եւ Հայաստանի ժողովրդի կարեւորագույն նվաճում։

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց իր թիմին վստահած քաղաքացիներին եւ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցել են ընտրություններին․ «Իհարկե այս ընտրությունները կարեւոր եւ բացառիկ էին ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր այս ընտրությկուններում կրկին վստահության քվե տվեցին մեզ։ Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, եւ մենք գիտակցում ենք՝ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու եւ ժողովրդի վստահությունը արդարացնելու ժամանակը, եւ որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։ Առաջիկայում տեղի կունենա Ազգային ժողովի, նրա մարմինների, կառավարության ձեւավորումը, եւ ի վերջո նոր թափով կսկսենք այն նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ես ուզում եմ շնորհավորել նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Լուսավոր Հայաստան կուսակցութանը ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին խորհրդարանական այս ընտրություններում, եւ ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաեւ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընտրությունները ազգային միասնության ու համախմբման նոր առիթ պիտի դառնան․ «Ըստ էության եկել է Հայաստանում արարման, ստեղծման, Հայաստանը ազատ եւ երջանիկ պետություն դարձնելու, Հայաստանում տնտեսական հեղափոխությանը նոր թափ եւ նոր ուժ տալու ժամանակը, եւ ես համոզված եմ, որ մենք իրար հետ՝ միասին Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, հայ ժողովուրդը՝ որպես մեկ ամբողջություն եւ միասնություն, կհասնի այդ նպատակներին եւ ազգային երազանքների իրականացմանը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որ մենք զարգացնենք Հայաստանում ժողովրդավարության բանավեճի, քննարկման մթնոլորտը, մեր գաղափարները, մտքերը երազանքները իրար հետ կիսենք, եւ այդ պրոցեսի արդյունքում դուրս բերենք իսկապես համազգայինը, որը միավորում  բոլորիս»։

Իսկ հետընտրական կարեւորագույն առաքելությունը, նրա խոսքով, պիտի լինի ժողովրդի կամքի իրագործումը․«Նախընտրական քարոզարշավը նաեւ բուռն բանավեճերի, քննադատությունների ժամանակաշրջան է, բայց ահա այսպիսի ընտրությունների ամենամեծ եւ ամենակարեւոր առաքելությունը նա է, որ ժողովրդի կամքը արտահայտելուց հետո բոլորս լծվում ենք ժողովրդի կամքը իրագործելուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ