«Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև խորհրդարան անցած ուժերին, հույս ունենալով, որ նրանք կկարողանան գործել ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացու:
Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար: Վստահ եղե՛ք, որ Ձեր յուրաքանչյուրի քվեն մեզ պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և մեր գաղափարակիցների բանակն էլ ավելի մեծացնել՝ հանուն ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը