09 12 2018

Աննախադեպ քարոզարշավ ենք ունեցել․ Ոստիկանապետ

Աննախադեպ քարոզարշավ ենք ունեցել․ Ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կատարեց իր քվեարկությունը Նուբարաշենում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետն ասաց, որ քվեարկել է հանուն լավ Երևանի:

Ոստիկանապետը, անդրադառնալով այն հարցին, թե ինչով են տարբերվելու այս ընտրությունները, ասաց այս օրերին միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նախորդներից այս ընտրությունները տարբերվեն։ «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից և կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատելով նախորդ ընտրությունների հետ, ասեմ, որ նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք դա փաստել։ Տեղի չի ունեցել  որևէ արտառոց դեպք, որը, իհարկե, անթույլատրելի կհամարեինք։ Բայց ամեն դեպքում իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները»,-ասաց Վալերիյ Օսիպյանը։ 

Օսիպյանն ասաց, որ ի սկզբանե, երբ ինքն այցելել է Արագածոտնի մարզ, այնուհետև Շիրակի մարզ, որոշ քաղաքական ուժեր փորձել են դա քաղաքականացնել, բայց ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվել և վաղն էլ չի զբաղվելու:«Դա իմ նախաձեռնությունն էր հանդիպել քաղաքական ուժերի հետ, այդ թվում դաշինքների թեկնածուների հետ կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, քանի որ բոլորս էինք մտահոգված, որպեսզի տեղի ունենան լավ ընտրություններ։ Ես իմ հանդիպումների ընթացքում ասել եմ, որ այնպես չէ, որ ոստիկանությունը չի կարող դա ինքնուրույն անել, դա փաստեց այն, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք ունեցանք նորանկախ Հայաստանի  պատմության մեջ լավագույն ընտրությունները»,– ասել է ոստիկանապետը՝ ավելացնելով, որ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը նպատակ է ունեցել էլ ավելի լավ ընտրություններ ունենալ։ «Ուղղակի ևս մեկ անգամ ցանկություն ունեցանք իրենց բացատրել, թե ինչ չի թույլատրվում, որպեսզի իրենք իրենց կուսակիցներին, ընտրողներին բացատրեին, որպեսզի մենք այսօր խնդիրներ չունենայինք»,– ասել է Վալերիյ Օսիպյանը։

Օսիպյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել:

«Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է: Կարեւորը ձերբակալությունն է, ինքը ձերբակալված է Չեխիայի Հանրապետությունում եւ կարտահանձնեն Հայաստանին

Ամիսներ առաջ, մինչ նրան հայտնաբերելը, երբ ես հայտարարեցի, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է մեր տեսադաշտում, շատերը դրան լուրջ չվերաբերվեցին։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց»,– ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով News.am-ի խմբագություն կատարած այցին՝ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության ծառայողն այցելել էր News.am-ի խմբագրություն՝ պարզապես գրություն հանձնելու:

«Չգիտեմ, թե News.am–ն ինչու այդպիսի աղմուկ բարձրացրեց, այդ մասով մեր՝ ոստիկանության լրատվականը պարզաբանում է տարածել, պարզապես նյութերի գրության շրջանակում իրենք պետք է տեղեկացվեին, և ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը իրենց օրինակը փոխանցելու համար», -ասաց Վալերիյ Օսիպյանը:Հ արցին, արդոք դա չի՞ կարող ճնշում դիտարկվել, Օսիպյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, նա ընդամենը այցելել էր, մենք կարող ենք ձեր գրասենյակ էլ այցելել»:

Անդրադառնալով ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ոստիկանապետը նշեց․ «ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում»։ Նա բացառեց իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:

«Ի սկզբանե ՀՀ վարչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ խախտում թույլ տված լիներ, միանշանակ կողմնապահություն չէր լինի»,- ասաց նա՝ նշելով, որ այս քարոզարշավի օրերին փորձել և արել են այնպես, որ որևէ տարբերություն չլինի»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու գնահատականներին, թե դա վենդետա է՝ Օսիպյանն ասաց.

«Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»:

Նա հերքեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե իրենց խոչընդոտել են նրանց հանդիպել զոհված ոստիկանների հարազատների հետ. «Իմ կողմից որևէ խոչընդոտ չի եղել, չկա որևէ փաստ: Դա Սեֆիլյանի մեկնաբանությունն է, այլ բան չեմ մեկնաբանելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ