07 12 2018

Նոր խորհրդարանը ոչ թե պետք է զգուշավոր գործի, այլ մեծ ու հստակ քայլերով առաջ տանի մեր երկիրը. Հակոբ Նազարյան

Նոր խորհրդարանը ոչ թե պետք է զգուշավոր գործի, այլ մեծ ու հստակ քայլերով առաջ տանի մեր երկիրը. Հակոբ Նազարյան

Նախընտրական այս շրջանում շատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել մարդկանց քաղաքացիական գիտակցության մեջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ կողմից թիվ 3 ընտրական տարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանը: Ըստ նրա՝ եթե նախկինում քաղաքացիները մոտենում էին թեկնածուներին, խիստ անձնական պահանջներ ներկայացնում, ապա հիմա պահանջներն ավելի գլոբալ են:

«Նախորդ ընտրություններին քաղաքացիները պատգամավորներից խորհրադարանական գործունեության սպասելիքները այլ էին, հիմա լրիվ այլ են: Մարդիկ մտածում էին, որ պատգամավորը պետք է գա իրենց փողոցը կամ բակը ասֆալտապատի, կամ լուսավորման հարցը լուծի: Հիմա, հետհեղափոխական տրամադրություններով պայմանավորված, պահանջներն ու սպասելիքները պայմանավորված են պետության ընդհանուր զարգացման տեսլականի հետ»,-ասաց պատգամավորի թեկնածուն:

Հակոբ Նազարյանը համաձայն չէ այն պնդումներին, որ մարդկանց քաղաքական ուժերի ծրագրերը չեն հետաքրքրում: Իհարկե կա մի հատված, որ նախապես կողմնորոշված է լինում, բայց այստեղ, ըստ նրա, կարևոր դերակատարում ունեն նաև առաջադրված թեկնածուները:

«Այս քարոզարշավը, ի տարբերություն նախորդի, աննախադեպ կարճ էր, բայց մենք փորձել ենք մաքսիմալ օգտագործել այդ ժամանակը: Եղել ենք գրեթե բոլոր թաղամասերում, բակային հանդիպումներ ունեցել, դահլիճներում զրուցել մարդկանց հետ, բոլոր միջոցներն օգտագործել ենք, որ մարդիկ իրազեկվեն, ծանոթանան մեր քաղաքական ուժի ծրագրերին, հիմնական դրույթներին, առաջնահերություններին: Քաղաքացիների արձագանքները բավականին լավն են են, ակնկալիքները՝ մեծ: Չնայած պետք է նաև ասել, որ լավ ծրագիրը դեռևս հաջողության գրավական չէ: Պետք է անենք այնպես, որ ընտրողների վստահությունը ստանանք և՛ մեր անցած ճանապարհով, և՛ մեր անձով, և՛ մեր քաղաքական թիմի ներկայացրած ծրագրով: Հաջողության բանաձևը դա է»,- համոզված է Հակոբ Նազարյանը:

Ըատ նրա՝ առաջիկայում ձևավորվելիք խորհրդարանի հաջողության հիմնական նախադրյալը պետք է լինի այն, որ ընտրողները համոզված լինեն, որ իրենց յուրաքանչյուր քվե տեղ է հասել: «Սա արդեն հետագա զարգացման համար ամենակորևոր նախադրյալն է լինելու, որովհետև և ընտրողն է հանգիստ լինելու, որ իրեն չեն խաբել, սա իր ընտրությունն է, և պատգամավորը ավելի պարտավորված կլինեն: Իսկ պատգամավորը օրինաստեղծ գործունեությամբ պետք է զբաղվի, պետք է ակտիվ լինի, անընդհատ կապի մեջ լինի հասարակության հետ»:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում առաջադրված լինելով՝ Հակոբ Նազարյանն այստեղ միջինից բարձր մասնակցություն է ակնկալում:

Հակոբ Նազարյանի ծրագրերը կապված են առողջապահության և սոցիալական ոլորտների հետ: «Առողջապահական և սոցիալական ոլորտում մի շարք խնդիրներ կան, որոնք նոր մոտեցումներ են պահանջում, նոր խորհրդարանը ոչ թե պետք է զգուշավոր գործի, այլ մեծ ու հստակ քայլերով առաջ տանի մեր երկիրը: Պետք է հեղափոխական շունչը տեղափոխել նաև տնտեսություն, մեր քաղաքական ուժը տնտեսական քաղաքականության կողմնակիցն է: Մեր երկրում կա բացառիկ իրավիճակ, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան իրենց մասնակցություն ունենալ և ծառայել ընդհանուր պետական շահին»,- եզրափակեց պատգամավորի թեկնածուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ