05 12 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ. Նիկոլ Փաշինյան



Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ երկրների գագաթնաժողովի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ անդրադառնալով մի շարք հարցերի:

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ աղմուկին՝ նկատելով, որ «այդ հարցին չափից ավելի մեծ ուշադրություն է հատկացվում»:

«Ցանկանում եմ ասել, որ դա իրականում սառցաբեկորի վերին շերտն է միայն և որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ: Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Ասեմ, որ սա Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, ու մեր գլխավոր նպատակը ՀԱՊԿ հեղինակության բարձրացումն է՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական առումներով»,-ասել է նա՝ ավելացնելով, որ «Հայաստանը պետք է հստակեցնի ՀԱՊԿ գործընկերների նկատմամբ իր պարտավորությունները և հակառակը»: «Մեր հիմնական նպատակն է ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ. գիտեք՝ մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, այդքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: Դրա անդամ պետությունները «դե յուրե» մեր ռազմավարական դաշնակիցներն են, ու մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ստանձնել են միմյանց առաջ»,-ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հիմնական ռազմատեխնիկական ու ռազմավարական գործընկերն է շարունակում մնալ Ռուսաստանը: «Բայց մեզ համար շատ կարևոր է մեր մյուս գործընկերների՝ Լեռնային Ղարաբաղի և առհասարակ մեր տարածաշրջանում անվտանգության հարցում դիրքորոշումների հստակեցումը: Այնպես է ստացվել, որ ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներից շատերը երկար տարիներ տարբեր միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ: Բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող մեզ կշտամբել այդ կազմակերպություններում իրենց դեմ քվեարկելու համար»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ վարչապետը նշել է. «Նախորդ նիստի ժամանակ ասվել է, որ ներկայումս տնտեսական ինտեգրման համար գործում է  մոտ 100 արգելք`օրենսդրական, գործնական, լոգիստիկ: Եվ ներկայումս գլխավոր առաջնահերթությունն է  աշխատել այդ արգելքների հաղթահարման ուղղությամբ: Մեզ համար ԵՏԱՄ շուկան շատ կարևոր է»,- ասել է նա:

Հարցին` ներկայումս ԵԱՏՄ փաստաթղթերում  փոփոխություններ մտցնելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, արդյո՞ք ՀՀ-ն առաջարկել է որոշ փոփոխություններ, Փաշինյանը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ համատեքստում շատ կարևոր է միասնական գազային և գազանավթային շուկայի ստեղծումը: Հայաստանի համար ևս դա շատ կարևոր հարց է, քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի ռուսական գազի մատակարարումներից»:

Նրա խոսքով՝ կարևոր հարց է նաև փոխադարձ ֆինանսական փոխանցումների հարցը, դրանք պետք է կատարվեն ոչ թե դոլարով, այլ անդամ պետությունների արժույթներով կամ դրանցից մեկով։ Փաշինյանի խոսքով` սակայն դոլարից հրաժարվելուն կողմ են ԵԱՏՄ ոչ բոլոր պետությունները։

Հայկական կողմը, ըստ նրա, նույնպես առաջարկություններ ունի ԵԱՏՄ-ի համար այն համատեքստում, որ Հայաստանում փոփոխվել է կառավարման կարգը, և վարչապետը ստիպված է մասնակցել բոլոր նիստերին, թեև մի մասին պետք է մասնակցի առաջին փոխվարչապետը։

Խոսելով գալիք ընտրությունների և տնտեսական օրակարգի մասին ՀՀ վարչապետն ասաց, որ իրենց առաջ հավակնոտ նպատակ է դրված` Հայաստանն ագրարային-հումքային պետությունից վերածել արդյունաբերական տեխնոլոգիական  երկրի.

«Մենք համարում ենք, որ այդ ուղին կհաղթահարի աղքատությունը, քանի որ այժմ աղքատության և գործազրկության  տոկոսը ՀՀ-ում շատ բարձր է»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է միջազգային օրակարգին, ապա Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ի քաղաքականությունում չեն լինի կտրուկ փոփոխություններ: «Իհարկե,  մենք տրամադրված ենք շարունակել զարգացնել ռազմավարական,  գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ, մենք կաշխատենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մեր օրակարգում է նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի  հետ հարաբերությունների զարգացումը: Մեզ համար շատ կարևոր են մեր անմիջական հարևաններ Վրաստանի, Իրանի հետ հարաբերությունները, նաև` Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները: Մենք ցանկանում ենք համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ, բայց ոչ մյուսների հետ համագործակցության հաշվին: Եվ, իհարկե, ՌԴ-ի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են»,- ասել է Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ