04 12 2018

Փաշինյանը ներքին տեռորի մթնոլորտ է փորձում ստեղծել․ Արմեն Ռուստամյան



Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ

– Երկու օր առաջ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ վերջին ամիսներին Հայաստանը որևէ սպառազինություն ձեռք չի բերել: Վարչապետն այդ հայտարարությունը որակել է սուտ և փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում: Դուք գիտե՞ք՝ ինչու են արվում:

– Նախ արվում են մեր վտանգները գնահատելու իմաստով, մեր անվտանգության մասին ունեցած մեծ խնդիրները տեսնելու իմաստով, որովհետև մեզ համար շատ կարևոր է նախ՝ մեր մարտունակության և պաշտպանունակության բարձր մակարդակն ապահովելը, և մենք ունենք այդպիսի ինֆորմացիա: Ուղղակի տեղերից, որովհետև մեր համակիրները և մեր ներկայությունը հենց բանակում ունենալով ենք դա ասում: Բացի այդ՝ կա նաև փաստ, որ, օրինակ, 2018 թ. նոյեմբերին մտահոգիչ հայտարարություն կատարեց այդ առումով պաշտպանության նախարարը, որը մատնանշեց, որ նախորդ՝ 200 միլիոնանոց վարկը, որ Ռուսաստանից մենք ստացել ենք, դրա հետ կապված կատարողականը նշվեց, բայց 100 մլն դոլարի վարկ ունեինք նաև, որի հետ կապված կատարողական պետք է ներկայացվեր, դա տեղի չունեցավ, այլ ասվեց, որ բանակցությունները շարունակվում են: Ուրեմն՝ ինչ-որ խնդիրներ դեռևս այդ հարցի հետ կապված լիարժեք լուծված չեն, և առնվազն պայմանագրով նախատեսված ծավալներն այդ պահի դրությամբ լիարժեք չէին կատարված:

– Ձեզ կտրուկ չի թվում վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարությունը, որ Հրանտ Մարգարյանի ասածը նա որակել է սուտ:

– Նախ՝ սուտ չի: Իբր՝ Հրանտ Մարգարյանն ասել է՝ զենք չենք գնել: Դա չի ասել Հրանտ Մարգարյանը:

– Ասել է, որ սպառազինություն ձեռք չի բերվել:

 Ռուսաստանի մասին է խոսքը գնում, կոնկրետ Ռուսաստանի բաղադրիչով է հարցը դրվել: Կոնտեքստից պետք չէ կտրել, խոսքը դրան է վերաբերել: Որ մենք մյուս տեղերից էլ զենք կարողանում ենք ձեռք բերել, դրա մասին գիտենք, և այդ պրոցեսն ընթացքի մեջ է: Չգիտեմ՝ ինչ մակարդակով և ինչ ծավալներով, դա մեզ գոհացնում է, թե՝ ոչ, դա այլ հարց է, բայց պետք չէ նույն հարթության վրա հարցը տեղափոխել: Խնդիրը հենց Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասով է, ՀԱՊԿ-ում ունեցած մեր պայմանավորվածությունների մասին է, դրա մասով է մեր մտահոգությունն արտահայտվել: Հրանտ Մարգարյանն ասել է՝ Աստված տա՝ ես սխալվեմ: Սուտ չի ասել: Դրանից մենք երբեք ո՛չ ուրախանում ենք, հակառակը, դա ասում ենք՝ վտանգի, սպառնալիքի, անվտանգության հետ կապված հարցի արծարծման անհրաժեշտությունից ելնելով: Սա է եղել, շատ պարզ մի բան: Գիտեք՝ այն տպավորությունն է, որ մինչև հիմա ով կասկածում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, արժանանում էր իր գնահատականներին, որ տեղներդ հանգիստ նստեք, փռենք ասֆալտներին, ծեփենք պատերին, հիմա ավելի վտանգավոր վիճակ է դառնում: – Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարություն անողներով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական ոստիկանությունը:

Սա է, որ շատ վտանգավոր է: Այդ հայտարարությամբ արդեն պետք է զբաղվեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրում ազատ քարոզչություն իրականացնելու այն չափանիշներով, որով, ինչպես մենք այսօր հռչակել ենք, գնում ենք, իբր, ազատ, բաց, անկաշկանդ քարոզչություն անելու: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր կասկածը հայտնել:

– Սա քաղաքական սպառնալի՞ք է՝ ըստ Ձեզ:

– Սա ոչ միայն սպառնալիք է, ներքին տեռորի մթնոլորտ է փորձում ստեղծվել: Եթե այդպես է, եթե կասկածանքի հիման վրա ԱԱԾ-ն պետք է զբաղվի, թող մեր կասկածանքով էլ զբաղվի հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված, անվտանգության հետ կապված խնդիրներով թող զբաղվի, թող տեսնի՝ իսկապես մեր մտահոգությունները կամ վտանգները, որ նշում ենք, իրական են, թե՞ ոչ: Այդ ո՞վ տվեց իրավունք… Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար է և թեկնածու է, ըստ էության: Այսօր բոլորն իրար հավասար են, և որևէ մեկն իրավունք չունի իր պաշտոնեական դիրքը չարաշահել: Ի՞նչ է նշանակում՝ հրապարակով մեկ հայտարարել, որ թող սրանով զբաղվի ԱԱԾ-ն: Ի՞նչ տրամաբանությամբ: Նայեք՝ պետական դավաճանության հոտ է գալիս: Այսինքն՝ նորից վերադառնում ենք հին ժամանակներին: Այս ամենն ինձ մոտ մեծ դեժավյու է առաջացնում:  

Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ