30 11 2018

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հորդորում է հեռու մնալ պատեհապաշտական մոտեցումներից

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հորդորում է հեռու մնալ պատեհապաշտական մոտեցումներից

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ-ում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի այս օրերին, ականատեսն ենք որոշ թեկնածուների, քաղաքական ուժերի կողմից Արցախին լեզվակռվի մեջ ներքաշելու, Արցախյան շարժումն ու ազատամարտը արժեզրկելու ճիգերին։ Սա կատարվում է նախորդող ամիսներին, որոշ շրջանակների կողմից ազգային արժեքներ, մասնավորապես Հայ առաքելական եկեղեցին եւ ավանդական հայկական ընտանիքը թիրախավորելու խորապատկերին։ Թվում է, թե այս բոլորը մաս են կազմում մի ընդհանուր քաղաքականության, որի նպատակն է հարվածել մեր ազգային արժեքներին։

Արցախյան շարժումը եւ ազատամարտի հաղթական ընթացքը հանդիսանում են հայոց պետականության հիմնաքարերը, վերջին երեսուն տարիների հայության ազգային ձեռքբերումների մեկնակետն ու արդյունքը, մեր ներկայի հնարավորությունների ու ապագայի նոր ձեռքբերումների երաշխավորները։ Այդ ամենը ձեռք է բերվել հազարավոր մարդկանց արյան ու զրկանքների գնով: Վտանգել, հարցականի տակ դնել այդ ամենը նշանակում է հրաժարվել բազում սերունդների ազգային պետություն ունենալու տեսլականից: Պետականությունը, դրան ծնունդ տվող ժողովուրդը և այդ ամենից բխող արժեհամակարգը բացարձակ արժեքներ են, իսկ քաղաքական պահական հաշվարկներն ու դրանցից բխող իրավիճակային քայլերը միշտ էլ կտարալուծվեն պատմության հարահոսում:

ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է նմանօրինակ քայլերը և հորդորում՝ հեռու մնալ պատեհապաշտական մոտեցումներից: Ակնկալում ենք այս օրերին ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացների մասնակիցներից պատասխանատվության գիտակցում և պետականամետ մոտեցում: Միաժամանակ կոչ ենք անում հայկական բոլոր քաղաքական ուժերին, հանրության լայն շերտերին համախմբվել վերը հիշված բացարձակ արժեքների շուրջ եւ անսասան պահել Արցախյան շարժման ձեռքբերումները, կուռ պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այդ ամենի միջոցով մենք կհաղթահարենք ապագայում տեսանելի և անտեսանելի բոլոր տեսակի մարտահրավերները:

Միշտ հավատարիմ՝ հողին ու հային»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ