30 11 2018

«Իմ քայլը»-ի ակունքներում կանգնած մարդուն ուզում են մեղադրել անօրինության մեջ, որի դեմ պայքարել է. Կարեն Սարուխանյան

«Իմ քայլը»-ի ակունքներում կանգնած մարդուն ուզում են մեղադրել անօրինության մեջ, որի դեմ պայքարել է. Կարեն Սարուխանյան

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին մամուլով և տարբեր մարդկանց միջոցով փորձ է արվում հակաքարոզչության ամենակեղտոտ միջոցներն օգտագործել իմ դեմ, այսօր էլ հանդիպեցի ևս մեկ պատվիրված հրապարակման «Ժամանակ» թերթում:

«Իմ քայլը» դաշինքի ակունքներում կանգնած մարդուն ուզում են մեղադրել մի անօրինության մեջ, որի դեմ պայքարել է այս տարիների ընթացքում: Ինչպես կարող եմ համայնքապետերին հրավիրել և հրահանգներ տալ, եթե այդպիսի հրահանգները բացառելու և մարդկանց ահաբեկելու դեմ եմ պայքարել այս տարիներին, «Իմ քայլը» չի կարելի խառնել այն կուսակցությունների հետ, որոնք տասնամյակներ շարունակ ահաբեկելով և գումարներ բաժանելով են ձայներ հավաքել:

Մերկապարանոց հայտարարություններին, իրականում, առանձնապես ցանկություն էլ չունեմ արձագանքելու, սակայն ևս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահներին լինել հետևողական այսպիսի հրապարակումներին և գնալ դրանց հետքերով, ինչպես անօրեն քայլերն են պատժելի, այնպես էլ զրպարտությունը: Ես, որպես «Իմ քայլը» դաշինքի անդամ, որպես Շիրակի մարզպետ, որպես ՀՀ հպարտ քաղաքացի վերահաստատում եմ իմ ցանկությունն ու կամքը` պայքարելու հանուն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ