Այս գործով արդեն դիմել եմ դիտորդներին, դեսպանատներին, թե ինչպես է գործող իշխանությունը խաթարում Հանրապետական կուսակցության քարոզչության պատասխանատուի աշխատանքը և քաղաքական վենդետայի ու սպառնալիքների լեզվով խոսում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ նախընտրական քարոզչությունը համակարգող, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ֆեյբուքում գրել էր, որ գտնվում է Երևանի քննչական վարչությունում «արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա» և խոստացել էր անդրադառնալ գործի մանրամասներին և նաև գնահատական տալ դրան։
Աշոտյանը պատմեց, որ կրթության և գիտության նախարար եղած ժամանակ խնդրել է Մանկավարժական համալսարանի ռեկտորին, որպեսզի ետ կանչի ԴԱՀԿ կատարողական թերթիկը և կասեցնի Գեղարքունիքի Զոլաքար գյուղի դպրոցից մի քանի միլիոն դրամ գանձելու իր պահանջը, քանի որ նրա խոսքով՝ դպրոցը չէր կարող կատարել այդ պարտավորությունը, հայտնվել էր փակման եզրին և վտանգվել էր երեխաների կրթության իրավունքը։
«Քրեական հոդվածը կոչվում է պաշտոնեական դիրքի վերազանցում՝ զավեշտալի մի պատմություն, որը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ», ասաց նախկին նախարարը, ապա ինչպես խոստացել էր՝ անցավ քաղաքական գնահատականներին․ «Պարզվում է, որ ընտրարշավի ամենաթեժ փուլում, երբ առանց այդ էլ արտահերթ ընտրություններ են, երբ քարոզարշավն ընդամենը տևում է հաշված օրեր, ինձ, որ արմատական ընդդիմադիր ուժի քարոզչության ողջ պատասխանատուն եմ, կանչում են անհեթեթ գործով, տալիս են անիմաստ, բյրուրոկրատական հարցեր։ Ես դա ինչպե՞ս մեկնաբանեմ․ անիմաստ կտրել ինձ աշխատանքից նշանակում է խոչընդոտել կուսակցության քարոզչությունը և մասնակցությունը այս ընտրություններին, խոչընդոտել իմ անձնական քարոզարշավը և իհարկե սուր ճոճել, վախեցնել այս գործով, որովհետև պարբերաբար շշուկներ են պտտվում, որ այս գործը առանձնացվելու է, ուղարկվի ՀՔԾ»։
Գործի իրավական կողմը, նրա խոսքով, անհեթեթ է, քաղաքական կողմը տեսանելի՝ «ճնշում, խաթարում, խանգարում քաղաքական գործընթացների․ այս ի՞նչ նվեր է մատուցում իշխանությունն ընդդիմությանը՝ իր անհեթեթ կարճատես, կարճամիտ պահվածքով, որոշել եք ահաբեկել ինձ, որովհետև Փաշինյանին անձամբ քննադատող ամենատեսանելի քաղաքական գործիչներից մեկն եմ, ու ձեզ թվում է, թե այս կերպ կարող եք կարճացնել իմ կամ իմ ընկերների լեզուն»,- ասաց Աշոտյանը՝ հայտարարելով, թե որևէ սպառնալիք իր վրա չի կարող ազդել՝ ինչքան շատ բզբզան, այնքան շատ պատասխան են ստանալու։
Հրաժեշտից առաջ Աշոտյանը հիշեց նաև իշխանություններին «սպասարկող ուժերին, որոնք փորձում են իրենց մենամարտի մեջ ներքաշել» և դիմելով նրանց՝ ասաց․ «Երբ մեծերը կռվում են, երեխեք ջան, դուք գնացեք ձեր թայերի հետ խաղացեք, կարծում եմ հասկացաք, թե ակնարկս ում էր վերաբերում․ երբ մենք վիճում ենք «Իմ քայլը» դաշինքի հետ, մոմ բռնողները թող գնան խաղան, բանավիճեն իրենց թայդաշների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը