28 11 2018

Հորդորում եմ Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական ելույթների բառամթերքից. հայտարարություն

Հորդորում եմ Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական ելույթների բառամթերքից. հայտարարություն

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով:

Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաև այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում  են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը:

Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սևեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, և դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին:

Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան:

Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից:

Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին: Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց և անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձևակերպումների հետևանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ