«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը: Որովհետեւ այն ճաշը, որը ինքը փորձում է այս օրերին եփել, մնալու է նրա կոկորդին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այսօր, Շիրակի մարզում բանակի մասին արած հայտարարություններին, ասաց ՀՀԿ խմբակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանը:
Զրուցակիցն ասում է` բանակը նուրբ կառույց է եւ բանակի մասին խոսելիս պետք է համեմատությունների մեջ խոսել`ինչպիսի՞ն էր այն 20 տարի առաջ, ինչպիսի՞ է այժմ: Նկատում է, ՀՀԿ-ում էլ չեն կարծում, որ մեր բանակում ամեն ինչ իդեալական է եւ հարց է ուղղում. «Զինվորի ճաշի մեջ ի՞նչն է ավելացրել Նիկոլ Փաշինյանը`իր վարչապետության վեց ամիսների ընթացքում, բացի դատարկ խոսելուց եւ ամպագորգոռ ելույթներից»:
Մեր զրուցակիցն անթույլատրելի է համարում «բանակը վարկաբեկելը» եւ «հրամանատարներին եւ զինվորներին իրար դեմ հանելը»: Ասում է`դա կարող է անել միայն Նիկոլ Փաշինյան անձը, բայց դա իրավունք չունի անել փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վարչապետը, գերագույն-գլխավոր հրամանատարը: «Քանի՞ հրամանատարի է բռնել, քանի՞ հրամանատարի է դատապարտել բանակում չարաշահումների համար»,- հարցնում է մեր զրուցակիցը`հավելելով, որ բանակում կոռուպցիոն երեւույթների բացահայտումները ՀՀԿ-ի իշխանության ժամանակ են եղել: Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, վնասում է պետական կարեւոր կառույցները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը