ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ասաց․ «Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր:
Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ»,- ասաց նա:
Շարմազանովը, հարց ուղղելով նոր իշխանություններին, թե նոր Հայաստան եք հռչակում, որ ասեք, թե ձեզնից առաջ ոչ մի լավ բան չի եղել ու մտահոգ չլինենք, նշեց. «Մտահոգ ենք: Ձեր նշած «նոր Հայաստանում» որևէ լուրջ զենքի մատակարարում Հայաստանի բանակին չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մասին ասվել է հրապարակային, և դա մտահոգիչ է:
Էդուարդ Շարմազանովը նաև հարց բարձրացրեց՝ մտահոգվելու չէ՞, որ մսամթերքը, բանջարեղենը, առաջին անհրաժեշտության ապրանքները մի քանի անգամ թանկացել են: «Նայե՛ք գները մայիսին և այսօր: Թե՞ մեր ժողովուրդը միայն բանան պետք է ուտի: Մեռան աչքներս կոխելով, որ բանանն էժանացել է: Նույնիսկ ժողովուրդը նման կատակ է անում, ասում է, որ ամանորից հետո կարող ենք սառնարանի դռները բացել, միայն «դուխով» գլխարկ տեսնենք: Դուխով գլխարկով, պարո՛ն վարչապետ, ժողովրդին չես կերակրի: Մտածի՛ր տնտեսությունը զարգացնելու մասին: Քայլերթը լավ է ստացվում, ինչ խոսք, բայց տնտեսություն պետք է զարգացնես»,- նշեց նա:
Այնուհետև ԱԺ փոխնախագահը հիշատակեց, որ հեղափոխությունից հետո խոսվում էր Սփյուռքից ներդրումների հոսքի մասին, բացի դրանից, իրենց մեղադրում էին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին քիչ փող էին փոխանցում, քանի որ վստահություն չկար, կոռուպցիոն սխեմաներ կային: «Ձեր նման սրբերը եկել են արդեն: Ինչո՞ւ մեկուկես միլիոն պակաս փող փոխանցվեց: Մենք թալանչիներն էինք, դուք էլ սրբերը, բա ինչու՞ սրբերին փող չփոխանցեցին»,- ասաց նա՝ նշելով, որ դա էլ է մտահոգիչ:Նա նաև մատնանշեց, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար է ընտրվելու:
«Կտեսնենք՝ մեր վարչապետի «դուխով» հայտարարությունների արդյունքում մենք գլխավոր քարտուղարի պաշտոնը կպահպանե՞նք, թե՞ կկորցնենք: Ու կտեսնենք՝ դեկտեմբերի 6-ից հետո ով է սառը ցնցուղ ընդունելու՝ մե՞նք, թե՞ Դուք»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանի խոսքով՝ Հայաստանում կան մտահոգ քաղաքացիներ, և օր օրի նրանց քանակն ավելանում է: «Մենք ընդդիմություն ենք, բայց պետականամետ ընդդիմություն ենք: Ես ուժեղ, կենտրոնացված պետության կողմնակիցն եմ, որտեղ անվտանգության մարտահրավերն ամենակարևոր է, որտեղ Արցախի հարցի հայանպաստ լուծումն ամենակարևորն է, որտեղ չպետք է հանդուրժվի պետությունից թեկուզ մեկ լումա գողանալը, որովհետև դա անբարոյականություն է, բայց կրկնակի անբարոյականություն է անմեղության կանխավարկածը մերժելը և մարդկանց գլխանց թալանչի անվանելը: Տակից ո՞նց եք դուրս գալու: Ամեն ինչ այսօրով չի վերջանալու, չէ՞»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը