Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը և աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը:
Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոյեմբերի 24-ին տեղի կունենա համաերևանյան մեծ երթ:
«Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի. հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, և նա որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով: Հուսանք՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ իսկ ՀՀԿ-ի մոտ ինչն է լավ ստացվում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ժամանակը բոլորի պատասխանը կտա: Շարմազանովը, խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից մարզային այցելությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումներին, ասաց, որ ԿԸՀ-ն պիտի իրականացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից:
Էդուարդ Շարմազանովը նաև վստահություն հայտնեց, որ իրենք լինելու են հաջորդ խորհրդարանում, ունեն բազմաթիվ աջակիցներ, դրանում կհամոզվենք դեկտեմբերի 9-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը