12 11 2018

ՀԱՊԿ-ում պարտությունը, արցախյան զարգացումները, ներքաղաքական վիճակը՝ Ստեփան Դանիելյանի մեկնաբանմամբ



ՀԱՊԿ՝ Աստանայում կայացած գագաթնաժողովում կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չլուծվեց։ Դեկտեմբերի 6-ին հայտնի կդառնա, թե ով է ղեկավարելու կառույցը։

ՀԱՊԿ-ի, Արցախյան հիմնախնդրի ու ներքաղաքական իրավիճակի մասին ենք զրուցել քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Քաղաքագետի խոսքով, ՀԱՊԿ-ի հարցը Հայաստանի ներկայացուցիչ ընտրելու և ընդհանրապես՝ Հայաստանի հարցը չէ․ այն ավելի շատ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև հարց է: Ռուսաստանը ցանկանում է պահել իր ազդեցության գոտին:

Ստեփան Դանիելյանի խոսքով, Յուրի Խաչատուրովի գործը հերթական պոպուլիզմն է՝ հեղափոխական ալիքի վրա, և եթե Յուրի Խաչատուրովին Հայաստանում չդատեն, անհասկանալի է դառնում, թե նրան հեռացնելու գործընթացն ինչի համար էր։ Հանրության վրա ազդեցության համար գնալ լուրջ պարտության, ըստ նրա, լուրջ սխալ է:

Հայաստանում, ըստ Դանիելյանի, պետական մտածողությունը բացակայում է, ինչը բացատրվում է անփորձությամբ: Քաղաքական միտքը չի կարողանում հանրությանը սպասարկել և ապագայի կոնցեպցիաներ առաջարկել: Հայաստանում ժշողովուրդը, հանրությունը կազմակերպված է և հասուն, իսկ քաղաքական միտքը զրոյական վիճակում է:

«Քաղաքացիական պայմանագիրը», քաղաքագետի խոսքով, այժմ գնում է ՀՀԿ-ի, ՀՀՇ-ի օրինակով, բայց նույնիսկ ՀՀՇ-ի մակարդակին չի հասել:

Ստեփան Դանիելյանը համարում է, որ հանրության մոտ եղած տեսակետները, քննարկումները, տրամադրությունները հաջորդ խորհրդարանում ներկայացված չեն լինի: Գործընթացը մնալու է դրսում, ինչը դարձյալ կբերի արտահերթ ընտրությունների։

Արցախի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունը, քաղաքագետի խոսքով, լեգիտիմ չէ։ Իշխանությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, ոչ թե փախուստի դիմի՝ ասելով, թե լուծումը ժողովուրդն է տալու։

6 ամիսը, Ստեփան Դանիելյանի գնահատմամբ, քիչ ժամանակ է ռեֆորմներ իրականացնելու համար, բայց մեծ ժամանակ է հայեցակարգեր մշակելու և ներկայացնելու համար։

Քաղաքագետն այն կարծիքին չէ, թե հանրությունը կփոշմանի իշխանափոխություն անելու համար, սակայն կարող է հիասթափություն ապրել, ինչը կբերի քաղաքական գործընթացների: Խնդիրն այն է՝ ով է գլխավորելու և հանրությանն ինչ ուղղությամբ է տանելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ