Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը գրում է․
«Իմ՝ ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական, փորձագիտական և լրագրողական հանրույթի մոտ արդարացիորեն առաջացրեց առաջիկա ընտրություններին իմ մասնակցելու մասին համոզմունք։
Կասկածից դուրս է այն փաստը, որ ցանկացած քաղաքական գործչի համար ընտրություններին մասնակցությունը համարվում է առաջնային առաքելություն, և ես բացառություն չեմ հանդիսանում։
Սակայն պետք է նշել, որ դեկտեմբերի 9-ին նշանակված ընտրությունները «ընտրություններ» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։
Արտահերթ ընտրությունների մասին Վարչապետը ոչ պաշտոնապես հայտարարեց հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ ԱԺ-ի կողմից ընդունված Կառավարության ծրագրով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենային «Կուսակցությունների մասին. ՀՀ օրենքը և ՀՀ ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո։
Միայն հոկտեմբերի 29-ին պարզ դարձավ, որ ընտրությունները կանցկացվեն գործող ընտրական օրենսդրությամբ, ինչը հակասում է ՀՀ ԱԺ կողմից ընդունված Կառավարության ծրագրին, ինչպես նաև գործողության մեջ է թողնում վարկանիշային ընտրակարգը, որն այդքան քննադատվել էր Փաշինյանի կողմից և առերևույթ խնդիրներ ունի ՀՀ Սահմանադրության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններից միայն 40 օր առաջ հայտնի դարձավ, որ վարկանիշային ընտրակարգը կպահպանվի, ինչպես նաև ԱԺ մտնելու համար նվազագույն շեմը կմնա անփոփոխ՝ կարելի է փաստել, որ ՀՀ քաղաքական համակարգին տրված չէր խելամիտ ժամկետ ընտրություններին պատրաստվելու համար, և ապահովված չէին հավասար պայմաններ արդեն ձևավորված և նոր ձևավորվող քաղաքական ուժերի համար։
Սրան գումարելով նաև այն փաստը, որ ներկայիս հուզական և զգացմունքային մթնոլորտը վտանգավորության աստիճան կնվազեցնի գործընթացի քաղաքական բաղադրիչը՝ կարելի է արդեն կանխատեսել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն կարող հանգուցալուծել Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը, իսկ նոր ձևավորված խորհրդարանն ի զորու չի լինելու լուծել պետության և ժողովրդի առջև առջև ծառացած և տասնամյակների ընթացքում արմատացած ներքին և արտաքին քաղաքական խնդիրները։
Հարկ է նշել, որ ապագա Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը ամբողջական և մասնակի պատասխանատվություն են կրելու առաջիկա տարիների Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հետևանքների համար։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտարարում եմ առաջիկա «ընտրություններ» անունը կրող այս «միջոցառմանը» իմ չմասնակցելու որոշման մասին։
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ նախաձեռնում եմ արտախորհրդարանական նոր քաղաքական պլատֆորմի ձևավորման գործընթաց, որի պայմանների և ձևաչափի մասին կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանն ու Հայ Ժողովրդին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը