Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ТАСС-ը։
Ուշակովը հայտնել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:
Ուշակովի խոսքով՝ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի դա, դիտարկվում է ևս երկու տարբերակ՝ կամ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է: «Թե ինչ որոշում կընդունեն երկրների ղեկավարները, այս պահին դժվար է կանխագուշակել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը