ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդատվական պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է ԱԺ-ն առաջին նիստը գումարելու ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ 24-ին:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ, նկատի ունենալով, որ այսօր մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ստորև ներկայացնում եմ խորհրդատվական պարզաբանումներ։
Այսպես, ինչպես գիտենք, Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակվել են սույն թվականի դեկտեմբերի 9-ին (կիրակի)։ Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով (ձևավորվում է մեծամասնություն), բացակայում են Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր այն առիթները, որոնք հիմք են հանդիսանալու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հետաձգելուն, ապա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, քանի որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։
Ընտրության օր՝ դեկ. 9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտ.16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկ.17, երկրորդ երկուշաբթին՝ դեկ.24)։
Հիշեցնում եմ, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ։
Հ.Գ. այս փուլում խոսել նոր ԱԺ-ի առաջին նիստի օրվա մասին վաղ է և անօգուտ։ Իսկ սա գրեցի այն պատճառով, որ արդեն նկատվում են ոչ ճիշտ տեղեկություններ պարունակող հրապարակումներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը