Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է անիմաստ, քանի որ առաջադրումը պարտադիր էր միայն առաջին փուլի համար: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմաբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ մտավախություններ կային, մասնավորապես` այլ թեկնածուի առաջադրվելու հետ կապված, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ի՞նչ մտավախություն պետք է լինի, չառաջադրվելու դեպքում ԱԺ-ն լուծարվում է իրավունքի ուժով»:
Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը: «Ի՞նչ է նշանակում` կորցրեցինք: Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսել: Պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը դեռ իր ընտրությունը չի կատարել»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանի խոսքով` ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ իրենց կուսակցության գործարար թևի պատգամավորների չլինելը ՀՀԿ ցուցակում:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն պետք է հույսը կտրի, որ դեկտեմբերին լինելու է՝ ռեյտինգը հավասար է փող բաժանելուն, նա արձագանքեց «Յուրաքանչյուրս խոսում ենք այն ամենից, որ մենք ենք անում»:
Բաղդասարյանի խոսքով`ՀՀԿ-ում դեռ ցուցակի հարցը չեն քննարկել: Առաջիկայում ՀՀԿ համաժողով է տեղի ունենալու, որտեղ որոշվելու են թեկնածուները և ցուցակի առաջատարը: Նրա խոսքով՝Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է այդ համաժողովին:
Անդրադառնալով համաներման նախագծին՝ Բաղդասարյանը նշեց, որ դա այն օրենքը չէ, որին իրենք սկզբունքորեն դեմ լինեն, պարզապես պետք է հնարավորին բարելավել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը