ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այցելել է Էջմիածին, շրջել տեղամասային ընտրական հանձնաժողովներով։
Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ընտրություններ են անցկացվում Հայաստանի 49 համայնքում, որոնց մի մասում՝ գրեթե կեսում, արտահերթ ընտրություններ, ապա հավաստիացրեց՝ ԿԸՀ-ն իր գործառույթներին համապատասխան աշխատում․ «Հաշվի առնելով, որ ԿԸՀ-ի գործառույթներն ավելի քիչ են, քան տարածքային ընտրական հանձնաժողովներինը, որոշում կայացրեցի շրջայցեր կատարել այն համայնքներում, որտեղ տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, այդ նպատակով էլ գտնվում եմ Վաղարշապատում։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներ այցերի նպատակն է տեղում հանձնաժողովների աշխատանքների ծանոթանալը, վստահված անձանց, դիտորդների հետ հանդիպելը, նրանց կարծիքը լսելը, քանզի առաջին հերթին շատ կարևոր է պարզել, թե ինչ կերպ է ընթանում քվեարկությունը, ինչ խնդիր է առաջանում։ Այս ամենը նաև լավ առիթ է՝ շտկելու այն թերությունները, թերացումները, որոնք կան, եւ հետագայում, միանշանակ, դրանք հաշվի կառնվեն»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ մեկ տասնյակից ավելի ընտրատեղամասերում է եղել և նկատել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ վստահված ու դիտորդներ անձինք են հետեւում ընտրական գործընթացին․ «Ըստ էության, վերջիններիս կողմից ներկայացվում է եզակի խնդիրներ՝ կապված կոնկրետ տեղամասի հետ։ Նշված խնդիրներից մեկի մասին խոսվել է նաև առավոտյան՝ եղել էր ահազանգ, ԿԸՀ-ն էլ ծանոթ էր դրան, տարածքային ընտրական հանձնաժողովն անմիջապես արձագանքեց դրան, որը քվեաթերթիկը նկարելու փորձ կատարելն է եղել։ Ես կարծում եմ՝ հենց այդ արձագանքով էր պայմանավորված, որ հետագայում այդ գործելաոճն այլ ընտրողների մոտ կրնություն չունեցավ»,-նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը