20 10 2018

ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանին

ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանը հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին, նրան ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման գաղափար-առաջարկների փաթեթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար-առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:

Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով»,- գրել է պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ