Լրացավ Yerevan.Today-ի վրա քննչական կոմիտեի արշավանքի մեկ ամիսը: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ այս մեկ ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել՝ ոչ ներկայացվել են լուրջ հիմնավորումներ՝ մեր կայքում խուզարկության համար, ոչ մեր տեխնիկական միջոցներն առգրավելու հիմքերը, ոչ էլ վերադարձնում են տեխնիկան։
Լրատվամիջոցին մեկ ամիս շարունակ զրկել սեփական տեխնիկական հնարավորություններն օգտագործելուց, ու սա համարել նորմա՞լ, նոր Հայաստանում այսպե՞ս են աշխատելու քննչական մարմինները: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող արդարացնել Քննչական կոմիտեի աշխատաոճը։ Մեկ ամսում եթե չեն կարողանում մեկ համակարգիչ և երեք համակարգչի կոշտ սկավառակ փորձաքննել (սովորաբար դա տեղում են անում), էլ ի՞նչ ենք սպասում՝ իրավունքի գերակայությու՞ն, թափանցիկությու՞ն թե ...
Քննչական կոմիտեն պատրաստակամ է մեզ վերադարձնել մեր արխիվի պատճենը, սակայն նշենք, որ մեզ համար այս պահին առավել անհրաժեշտ են մեր տեխնիկական միջոցները: Այսօր ինֆորմացիան այնքան արագ է մեր երկրում փոխվում, որ արխիվին դիմելու անհրաժեշտություն թեև կա, բայց այդ իրավիճակին ճիշտ, ժամանակին ու արագ արձագանքելու համար մեզ առավել անհրաժեշտ են տեխնիկական միջոցները, որոնք այսօր տնօրինում է քննչական կոմիտեն՝ իր փորձաքննողներով:
Ո՞րն է ուշագրավը: Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց. «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել»։ Այսինքն, եթե արդեն պարզվել է, ուրեմն պարզվել է նաև, որ Yerevan.Today-ի հետ որևէ առնչություն չունի գաղտնալսման գործը։ Ավելին, մեր հրապարակած փաստերը՝ Google համակարգում երբեմն գրանցվող խոտանի մասին, քննչական կոմիտեին մեծ օգնություն էր՝ առավել արագ աշխատանքներն ավարտելու։
Այդ դեպքում ինչո՞ւ չեն վերադարձնում, վախենում են պարզվի՞ սխալվել են, թեկուզ շնորհքով, բայց առանց հիմքերի ներ են խուժել լրատվամիջոցի գրասենյակ։
Այն, ինչ կատարավում է մեր շուրջ, այն դանդաղկոտությունը, որ ցուցաբերում է քննչական մարմինը, մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ կատարվածը, ի հակադրություն քննչական կոմիտեի հայտարարության, կապ ունի մեր լրագրողական գործունեության հետ:
Մենք այլևս ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ կայքի վրա կատարվում է համակարգված գրոհ։
Մեր գրեթե յուրաքանչյուր գրառման, նյութի, տեսանյութի տակ ֆեյքային լայն հարձակում է տեղի ունենում, իսկ հաճախ էլ կայքի վրա հարձակվելու, ձերբակալելու, փակելու կոչեր են։
Կայքի վրա հարձակում են գործում պետական պաշտոնյաները՝ տարբեր գրառումներով ու մեկնաբանություններով։
Կայքի վրա մեկ օրվա ընթացքում երեք անգամ կատարվել է DDoS հարձակում։ Հարձակման այդ տեսակը, որին ենթարկվել է մեր կայքը, ենթադրում է միջոցների ծախս։ Մասնագետներն հավաստիացնում են, որ այդ տեսակի և ծավալի հարձակումը կատարվում է լուրջ ծրագրերով և սովորաբար արժենում է պատվիրողի համար 1 ժամը 300 դոլար։ Մեզ վրա աշխատել են խմբով՝ 25 ժամից ավելի՝ սեպտեմբերի 16-ի կեսգիշերից սկսած մինչ կեսօր, սեպտեմբերի 17-ին ցերեկը երբ դեռ կատարվում եր խուզարկությունը՝ ընդհանուր 6-8 ժամ կայքը անհասանելի դարձնելով։ Ոմանք գումար չեն խնայում կայքը կոտրելու համար։
Մենք զրկվել ենք մեր տեխնիկական միջոցներով աշխատելու հնարավորությունից՝ քննչական կոմիտեի պատճառով։ Ու տեխնիկան չեն վերադարձնում անգամ ԱԱԾ տնօրենի հայտարարությունից հետո, որը փաստեց, թե գործը գրեթե բացահայտվել է։
Այս փաստերը համադրելով՝ հասկանալի է դառնում, որ գաղտնալսումը զուտ պատրվակ էր։
Որպես լրատվամիջոց և քաղաքական վերլուծություններով հանդես եկող կայք մշտապես հանդես ենք եկել կառուցողական քննադատության դիրքերից և այժմ ևս կոչ ենք անում առիթ չտալ կոշտացնելու մեր բառապաշարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը