17 10 2018

Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան

Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղղել:

«Հարգելի պարոն վարչապետ, Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, որը ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:

Այն Հայաստան պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank): 2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:

Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք լինել վերջինիս գործունեության դադարեցման համար: Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ: Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմնադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար:

Հ.Գ. Նամակը ուղարկել եմ նաև պաշտոնապես»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ