08 10 2018

Մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի․ Դավիթ Շահնազարյան․ 168.am

Մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի․ Դավիթ Շահնազարյան․ 168.am

168․am-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։

- Պարոն Շահնազարյան, ԱԺ կանոնակարգ  օրենքում փոփոխությունների հաստատումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը ներքաղաքական կյանքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաք հրավիրեց ԱԺ շենքի մոտ, ապա տեղի ունեցավ խոսակցություն խմբակցությունների հետ, որի արդյունքներով  վարչապետը հայտարարեց իր հրաժարականի միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, իսկ ընդդիմությունը, իդեմս  ՀՀԿ–ի, հայտարարեց, որ բանակցություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ՝ և ընդդիմության, և՛ իշխանության դիրքորոշումները։

– Նախ՝ ուղղակի մի  ուղղում մտցնեմ Ձեր հարցի մեջ. վարչապետն իր համակիրների հետ ներխուժեց ԱԺ տարածք, դա ավելի ճիշտ ձևակերպում է, որովհետև դա փաստ է։ Նախ՝ այն մասին, թե ինչ փոփոխություն մտցրեց ԱԺ-ն կանոնակարգում, որովհետև  հանրության մեծ մասը բացարձակապես տեղյակ չէ դրանից։ Կառավարության ներկայացուցիչները դա ներկայացնում են՝ որպես վարչապետի դեմ արված քայլ, սակայն իրականությունը հետևյալն է. եթե ԱԺ պատգամավորները, իրենցից չկախված պատճառներից ելնելով, չեն կարողանում  նիստը շարունակել կամ գումարել, ապա դա համարվում է ընդհատված նիստ: Սա հատկապես այս իրավիճակի համար չափազանց բնական օրենք էր, որովհետև եթե այն, ինչ ասում եք, հերթական անգամ տեղի ունենա, և նիստը խափանվի,  ինչով Կառավարությունը բազմիցս սպառնացել է ԱԺ-ին, ապա և ենթադրենք՝ ԱԺ-ն որոշ ժամանակ չկարողանա այդ պատճառով ԱԺ նիստեր գումարել, ապա չի համարվի, որ ԱԺ-ն չի աշխատում, անգործունակ է և, օրենքի համաձայն՝ կարող է ցրվել։

Ակնհայտ է, որ սա Կառավարության ծրագրերի մեջ էր մտնում, և այս օրենքով ԱԺ-ն չեզոքացրեց այդ ծրագիրը, ինչը շատ բնական է։ Գործարարներից մեկն ինձ նման համեմատություն ներկայացրեց. «Օրինակ` եթե ես գործարանի  դռները փակեմ, աշխատողներիս մեկ շաբաթ չթողնեմ ներս գան, և հետո, երբ նրանք ներկայանան աշխատանքի, ասեմ՝  ես Ձեզ հեռացնում եմ աշխատանքից, որովհետև երեք օր անհարգելի բացակայել եք»։ Սա նույն բանն է։  Կառավարությունը և հատկապես վարչապետն անընդհատ  հրահրում են անկայունություն ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այսինքն՝ անկայունության աղբյուրը, որը շատ բնական է, դարձել է ներկայիս Կառավարությունը։

Դեկտեմբերին  ընտրությունները  կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի: Դրանում արդեն որևէ կասկած չունեմ և շատ լավ գիտեմ, որ հասարակության մի մասը բացարձակապես չի  ընկալելու իմ ասածը: Բայց այս փուլերը, որ մենք, մեր հասարակությունը, ժողովուրդը  ներկայումս անցնում ենք, շատ երկրներ են անցել:

-Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։

-Վարչապետը հայտարարում է, որ բացահայտված է, այնինչ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել են տասը սպանություններ, շատ ու շատ դեպքեր են տեղի ունեցել։ Ավելին, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տապալել է Մարտի 1-ի բացահայտումը ու այդ գործն ուղղակիորեն տապալել է: Քննությունն ընթանում է շատ վտանգավոր ուղիով, առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել։ ՀՔԾ-ի պետը, դիվանագիտական լեզվով ասած, ինձ հիասթափեցրեց՝ որպես իրավաբան։

Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է։ Նույն ՀՔԾ պետի վերաբերյալ, իրավաբանը չի կարող իրեն թույլ տալ նման ձևակերպումներ: Օրինակ՝ եթե հիշում եք, երբ Վերաքննիչ դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, ՀՔԾ պետը  հայտարարեց, որ դա ապօրինի վճիռ է։ Դատարանի վճիռն օրենք է, այսինքն` ՀՔԾ պետը հայտարարեց, որ օրենքն ապօրինի է։ Սա իրեն թույլ չէր տա նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողը։ Երկրորդ, եթե ապօրինի է, այդ դեպքում վերոհիշյալ անձի ուղղակի պարտականությունն է՝ քրեական հետապնդում սկսել այդ դատավորի նկատմամբ։

Ի՞նչ մեղադրանք է  հարուցվել այդ երեք անձերին՝ ես նկատի ունեմ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին և նախկինում ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովին. մեղադրանքը հիշո՞ւմ եք` սահմանադրական կարգի տապալում, ոչ թե՝ տապալման փորձ, այլ՝ տապալում: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե դրանից ինչ հետևանքներ են բխում։  Նշանակում է, որ 2008 թվականի մարտի մեկին տապալվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը, և դրանից հետո 10 տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։

Եվ կարելի էր ավելի առարկայական մեղադրել: Այո, ես մեղադրում եմ ՀՔԾ պետին, որ նա տապալել  է Մարտի 1-ի  քննությունը։ Ավելին, ես առաջարկել էի, որպեսզի միջազգային փորձագետներ, քննիչներ ներգրավվեն, որպեսզի  հնարավորին չափ չքաղաքականացվի բացահայտման այդ գործընթացը։ Ինչպե՞ս մենք կարող ենք Մարտի 1-ի էջը փակել: Հասարակությունը պետք է վստահ լինի քննության արդյունքներին։ Դա կլիներ միայն այն դեպքում, եթե  միջազգային ներկայություն լիներ քննությանը, այլապես յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կբացի այս գործը՝ ըստ իր քաղաքական  նպատակահարմարության: Իշխանությունները  դա բացարձակ չցանկացան անել։ Ուղղակի տապալել են քննությունը, և այդ պատասխանատվությունը կրում է ՀՔԾ պետն անձամբ, և նա պատասխան է տալու դրա համար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ