03 10 2018

Հրաժարականներ, հրաժեշտի հանդիպումներ և ճամբարափոխում

Հրաժարականներ, հրաժեշտի հանդիպումներ և ճամբարափոխում

Հոկտեմբերի 2-ին ներհայաստանյան քաղաքական դաշտում տարբեր վայրիվերումներ և վերադասավորումներ տեղի ունեցան: Փոփոխված իրավիճակը նորից փոխվեց և արդյունքում կառավարությունը զրկվեց կոալիցիայից:

Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ին ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին անվանեց հակահեղափոխական ուժեր, իսկ ավելի ուշ արդեն Ազգային ժողովի բակում հայտարարեց, որ աշխատանքից ազատում է «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ նախարարներին և մարզպետներին: Նա, սակայն, նշեց, որ ՀՀ փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել կառավարության հետ:

Ավելի ուշ Մհեր Գրիգորյանն ինքը հայտարարեց, որ ին ԲՀԿ մանդատով առաջադրվելը չի կաշկանդել մնալ և շարունակել աշխատանքը: Նա նշել է, որ իր համար առաջնահերթություն եղել և մնում է ՀՀ կառավարության բնականոն գործունեությունը:

Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Փաշինյանը ստորագրեց ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ: Ինչ վերաբերում է մարզպետներին՝ վարչապետն ասաց, որ որոշումները կլինեն մի քանի օր հետո:

Նշենք, սակայն, որ մինչև վարչապետի հայտարարությունը, ՀՅԴ-ն արդեն կառավարությունից հետ էր կանչել իր նախարարներին՝ «հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը»:

Հաջորդ օրը, արդեն, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հրաժեշտ տվեցին նախարարության աշխատակիցներին: Միևնույն ժամանակ, հրաժարականի դիմում ներկայացրին Անտառային կոմիտեի նախագահ, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը, Գեղարքունիքի դաշնակցական մարզպետ Իշխան Սաղաթելյանը և ԲՀԿ մանդատով Արմավիրի մարզպետ նշանակված, անկուսակցական Գագիկ Միրիջանյանը։

Չի բացառվում նաև, որ օրվա ընթացքում լինեն հրաժարականի նոր դիմումներ, քանի որ ՀՅԴ և ԲՀԿ մարզպետները 6-ն են:

Ստացվում է, որ ձևավորումից 4 ու կես ամիս անց նոր կառավարության կազմը նորից փոփոխվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ