Երևանի ավագանու բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները բաժին կհասնեն «Իմ քայլը» դաշինքին:
Նշենք, որ ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի, Երևանի ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև ավագանու անունից վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով:
Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով՝ Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների արդյունքների 65 հոգանոց ավագանու 57 մանդատները բաժին են հասնում «Իմ քայլը» դաշինքին, 5 մանդատ կստանա ԲՀԿ-ն, եւս 3 մանդատ կստանա «Լույս» դաշինքը:
Ավագանու 4 մշտական հանձնաժողովների և քարտուղարների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են Դոնթի բանաձևով, ըստ որի բոլոր տեղերը բաժին են հասնում «Իմ քայլը» դաշինքին, որը ստացել է ավագանու տեղերի շուրջ 87 տոկոսը: Նախորդ ավագանու կազմում ՀՀԿ խմբակցությունն ուներ 65 մանդատներից 46-ը: «Ելք» դաշինքն ուներ 14 մանդատ, իսկ «Երկիր ծիրանին.՝ 5 մանդատ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը