ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանհեթենի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ը ցրելու մասին, ասել է.
«Խոստովանենք, որ երկրում քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների կարիք Հայաստանում իրոք կա։Հուսամ, այս նախաձեռնության ձևական պատրվակն է միայն Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող օրակարգային հարցը, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ցանկությունը, որովհետև նման կոնսուլտացիաների, հանդիպումների ընթացքում կողմերը պետք է ազատ լինեն քաղաքական օրակարգ ձևավորելու։
Կարծում եմ՝ եթե վարչապետն այս նախաձեռնության գալիս է բացառապես իր օրակարգով, ապա այս նախաձեռնությունն իր ձևի մեջ իր բովանդակությանը չի ծառայելու, որովհետև քաղաքական կոնսուլտացիաները չպետք է հիշեցնեն ուլտիմատում։ Քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը մեր երկրում չպետք է պայմանավորված լինի բացառապես վարչապետի կողմից կարևորվող օրակարգային հարցով։ Հակառակ պարագայում դա հիշեցնելու է խոսակցություն, որտեղ վարչապետն իրեն վերագրելու է ուժային դիրք՝ մեկնաբանելով Երևանի ավագանու ընտրությունները՝ որպես իրեն տրված քվե։
Մենք դա, բնականաբար, վիճարկելու ենք, որովհետև Երևանի ընտրություններին մասնակցության տոկոսը դիտարկելու ենք ոչ թե՝ որպես քաղաքական ընտրությունների կամ վստահության հանրաքվեի մասնակցության տոկոս, այլ ՏԻՄ ընտրությունների մասնակցության տոկոս՝ ընդունելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները և շնորհավորելով երևանցիներին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերին, այդ թվում՝ հաղթող քաղաքական ուժին՝ այս պատասխանատու աշխատանքին անցնելու կապակցությամբ»։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և նրա կողմնակիցները Երևանի ավագանու ընտրություններն ամեն կերպ փորձում են ներկայացնել ոչ թե՝ որպես Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, այլ՝ որպես իշխանությունների նկատմամբ վստահության հանրաքվե, որը, նրանց համոզմամբ, կայացել է։ Արմեն Աշոտյանը հակադարձեց.
«Վստահաբար կարող ենք ասել՝ ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ։ Քաղաքական երկխոսության անհրաժեշտություն կա, սակայն միայն ու միայն բաց և լայն օրակարգով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը