19 09 2018

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը: «Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը»,-ասված է մեկնաբանության մեջ։

Տիգրան Բալայանը նաև հիշեցրել է, որ այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»,-եզրափակել է Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ