«Հրապարակ» -ը գրել է. Երբեմն չափազանց դժվար է ապացուցելը, որ քաղաքական առաջնորդները պատվիրում են ձերբակալություններ և դատական հետապնդումներ, սակայն Հայաստանի դեպքում կան ապացույցներ այն սենսացիոն հեռախոսազրույցների ձայնագրությունների հանրայնացումով, որը տեղի ունեցավ օրերս՝ կապված պաշտոնատար անձանց հետ։ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է փոթորկուն իրականության կենտրոնում՝ այս շաբաթ YouTube-ում հրապարակված ձայնագրությունից հետո, որտեղ պաշտոնյաները քննարկում են քաղաքական հակառակորդներին կալանավորելու հրամանը՝ գրում է New Europe պարբերականը, ներկայացնելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների սկանդալը։
Հրապարակման մեջ ներկայացվում է, թե ինչպես է ՀՔԾ ղեկավարն ասել, որ պետք է «փակել» նախկին Պնախարարի տեղակալին՝ ճնշում գործադրելով դատավորի վրա, նախկին նախագահի ձերբակալության մասով էլ ԱԱԾ պետն ասել է, որ դատավորն իրեն զանգել է, մի փոքր վախեցած է, և ինքն ասել է, որ պետք է խիզախություն ունենալ և ձերբակալել։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ ձայնագրությունները խոսում են այն մասին, որ դատավորը գտնվել է ճնշման տակ և անօրինական որոշում է կայացրել։ ՀՀ իշխանությունները, ըստ նրա, քաղաքական հաշվեհարդար են իրականացնում դատարանների միջոցով։ Նա մեղադրել է վարչապետին անձնական կոորդինացիա իրականացնելու մեջ։ Սա մի տեսակ անհասկանալի շրջադարձ է, քանի որ երբ Փաշինյանը եկել էր իշխանության, մեծ հույսեր կային, որ նա նոր առաջնորդ կլինի, որը երկիրն ավելի հուսալի ուղու վրա կդնի, որի հետ Արևմուտքը կկարողանա բիզնես վարել։ Հրապարակման մեջ ներկայացվում է նաև, որ այս շաբաթ Փաշինյան-Մակրոն հանդիպմանը Մակրոնը պարտավոր է օգտագործել այդ ձայնագրությունները և մտահոգություն հայտնել Հայաստանի դատական համակարգի անկախության առնչությամբ։ Նա պարտավոր է հիշեցնել Փաշինյանին, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Իսկ Արևմուտքի աջակցությունը երաշխավորված չէ, այլ կախված է Փաշինյանի կառավարության գործողություններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը