13 09 2018

Հասկանում ենք ՀՀ կառավարության՝ Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ցանկությունը․ ԱՄՆ դեսպանատուն

Հասկանում ենք ՀՀ կառավարության՝ Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ցանկությունը․ ԱՄՆ դեսպանատուն

Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու՝ ՀՀ կառավարության ցանկությունը: Tert.am-ի հարցին ի պատասխան՝ այսպես են ասել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը՝ որպես սիրիական հիմնախնդրում ներգրավված երկիր, ինչպես է վերաբերում նրան, որ ՀՀ-ն Ռուսաստանի հետ համագործակցությամբ խաղաղապահ առաքելություն է իրականացնելու Սիրիայում:

«Մենք ևս մտահոգ ենք Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով: Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ, ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը»,- ասել են դեսպանատնից:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ՊՆ ներկայացուցիչներ է ուղարկելու Սիրիա՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Նրանք գործելու են Հայաստանի դրոշի ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ