12 09 2018

Ինձ երբեմն թվում է՝ դուք «դվայնիկ» ունեք․ Աշոտյանը՝ վարչապետին

Ինձ երբեմն թվում է՝ դուք «դվայնիկ» ունեք․ Աշոտյանը՝ վարչապետին

Սեպտեմբերի 12-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, թե օգոստոսի 17-ի հանրահավաքում հող հանձնելու մասին Փաշինյանի հայտարարությունը բանակցային գործընթացի ո՞ր փուլին, ո՞ր տարեթվին, ո՞ր փաստաթղթերին են առնչվում, հայտարարեց՝ ԼՂ հիմնահարցի հետ կապված բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը։

«Վերջը, պարո՛ն վարչապետ, ո՞ր հայտարարությունների, ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, երբ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»,- հարցրեց  Աշոտյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վերջին տարիներին, ինչքան մենք մոտեցել ենք 2018 թվականին, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել և ստորագրել եք, բայց ասում եմ, որ առաջին շփումների ժամանակ ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ հարցի լուծում հնարավոր չէ»:

Աշոտյանն արձագանքեց՝ նշելով այն մասին, որ եռանախագահների ներկայացրած վերջին փաստաթղթում նշվում է Արցախի կարգավիճակը: Դա միակ պաշտոնական փաստաթուղթն է, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, և այդ տարբերակն է ժառանգություն թողնվել Փաշինյանին: «Իսկ եթե նման պարտվողական փաստաթուղթ է եղել, ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնել այդ փաստաթղթին»,- հարցրեց Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև վախենում եմ, թե ճշմարտությունը լսելուց հետո դուք հոգեբանի աջակցության կարիքն ունենաք։ Ինչ վերաբերում է ամբողջական հրապարակումներին, ապա կգա նաև դրա ժամանակը: Կներեք, թող ես որոշեմ, երբ է այդ ժամանակը, և ես անպայման կորոշեմ»։

Աշոտյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կերպարների մեջ մեծ տարբերություն կա։ «Պարոն Փաշինյան, ուզում եմ ֆիքսել, որ այսօրվա Ձեր կեցվածքից, կերպից, խոսքից, հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Տպավորված եմ: Ինձ երբեմն թվում է՝ դուք դվայնիկ ունեք, այնքան մեծ է տարբերությունն այն կերպերի, որ տեսնում ենք: Այս կերպը լավն է»,- նշեց Աշոտյանը։

Փաշինյանը պատասխանեց՝ սովոր է համարժեք լինել. «Ես սովոր եմ լինել համարժեք: Կարծում եմ՝ նախկինում էլ այս դահլիճում Դուք ինձ տեսել եք տարբեր ոճերի մեջ՝ շատ լայն դիապազոնով: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև, ընդհակառակը, մեծացել է, և ես հույս ունեմ, որ Դուք նկատել եք։

Աշոտյանն արձագանքեց, որ այս ընթացքում միայն դիապազոնը չէ, որ մեծացել է, և մի օր ինքը կարող է նրա քաղաքական կերպարի փոփոխության վերլուծություն կատարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ