09 09 2018

Վարչապետը՝ Պուտինի հետ զրույցի և Ռուբեն Վարդանյանի մասին

Վարչապետը՝ Պուտինի հետ զրույցի և Ռուբեն Վարդանյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին։ Այս մասին վարչապետն ասաց սեպտեմբերի 9-ին՝ Իջևանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Վլադիմիր Պուտինի համար դա նորություն էր: ՌԴ նախագահը զարմացավ՝ նշելով, որ անձամբ է հանձնարարել մատչելի դարձնել գազի սակագինը հայաստանցիների համար։ Պուտինն այդ հանձնարարությունը տվել է Գյումրի կատարած այցի ընթացքում՝ ցանկանալով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ ուսումնասիրել ներկրվող գազի գնագոյացման քաղաքականությունը, ստուգել պայմանագրային բազան և համապատասխան որոշումներ կայացնել։

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։ «Քննարկվել ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»,- ասաց վարչապետը՝ չմանրամասնելով, թե մասնավորապես ինչ են քննարկել։

Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցին՝ նշելով․ «Դա իրավական ընթացակարգի հարց է, և ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է իրար հետ քննարկեն մեր իրավապահ մարմինները և գան իրավական լուծումների։ Ես չեմ կարծում, որ այդտեղ քաղաքական հարց կա։ Գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, ապա Քոչարյանը հենց այսօր արդեն ազատության մեջ չէր լինի: Սա չի նշանակում, որ եթե նա վաղը լինի կալանքի տակ, ուրեմն կա քաղաքական կոմպոնենտ: Ես ասել եմ, որ ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, եթե մեր կառավարման օրոք քաղբանտարկյալներ լինեն»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին նաև այն հարցով, թե ՌԴ-ի համատեղ հումանիտար նախագիծը, որն իրականացվելու է Սիրիայում, ունի՞ ռազմական բաղադրիչ, թե ոչ, քանի որ, չնայած իր հերքմանը, մամուլում շրջանառվում է, որ խոսքը խաղաղապահ զորքի տեղակայման մասին է։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այդ հարցի շուրջ մի քանի թյուրիմացություն կա։ «Գործողությունը լինելու է հումանիտար, խոսքը բժիշկ մասնագետների և ականազերծողների մասին է, ովքեր հումանիտար առաքելություն են իրականացնելու՝ ի աջակցություն Հալեպի հայ համայնքի»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ՊՆ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ դրոշի ներքո։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնչել է առաջարկ Ալիևի հետ հանդիպման կազմակերպման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման առաջարկ չի հնչել, քննարկել են Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի վերաբերյալ հարցեր և փոխադարձաբար ընդգծել, որ շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, և ռազմական ցանկացած սադրանք կարժանանա շատ կտրուկ վերաբերմունքի։

Անդրադառնալով այն հարցին՝ արդյ՞ոք հայ գործարարների մոտ ձևավորվել է ՀՀ-ի նկատմամբ վստահություն, քանի որ ՌԴ-ում գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը վարչապետին հորդորեց թվերի լեզվով խոսել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վստահության մթնոլորտը ձևավորվում է այդպիսի քննարկումների ընթացքում և ինքը համոզված է, որ  վստահության մթնոլորտը կա և կխորանա։ «Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին և բոլոր այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում և քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո Կառավարությունում ընդունել է նաև գործարար Սամվել Կարապետյանին, և վերջինս ասել է, որ մտադիր է լիարժեք շարունակել տնտեսական գործունեությունը ՀՀ-ում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ նոր իրավիճակում տնտեսական գործունեությունը պետք է լիարժեք համապատասխանի հանրահռչակ կանոններին , որոնց մասին խոսում ենք՝ օրինականությունը և ուրիշների հետ հավասար դաշտում վիճակում լինելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ