Սեպտեմբերի 8-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների կուսակցության ծրագիրը, ցուցակը: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ ՕԵԿ-ը Հայաստանում 20-ամյա քաղաքական կենսագրություն ունեցող առանցքային քաղաքական ուժերից է:
Ըստ նրա՝ Հայասանում ՕԵԿ-ը լուսավոր, դրական բազմաթիվ փոփոխությունների նախաձեռնողն ու իրականացնողն է եղել, 250 օրենքի հեղինակ է։ Արթուր Բաղդասարյանի խոսքով` ինքը հարգում է քաղաքապետի մյուս թեկնածուներին, սակայն պետք է նաև նշի, որ իրենց ցուցակի առաջին համարը մի շարք առավելություններ ունի.
«Մենք այս ընտրություններին ներկայանում ենք մրցունակ քաղաքական թիմով, գերազանապես երիտասարդացված է թիմը, նոր մարդիկ կան թիմում, բայց ես կարծում եմ, որ փորձն ու երիտասարդությունը պետք է զուգակցենք, դրա համար Մհեր Շահգելդյանն է ցուցակը գլխավորում, ով փորձառու, մաքուր կենսագրությամբ, հրաշալի քաղաքական հմություններով օժտված անձ է, ունի կառավարման փորձ»,-ասաց նա:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը նշեց, որ իրենք իրենց ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունք են հաշվի առել:
«Ծրագիրը պրոֆեսիոնալ մակարդակով է ձևավորված: Այն մշակվել է անկախ փորձագետների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ հաշվի առնելով բոլորի կարծիքները: Մեր ռազմավարությունը երկու մոտեցումների վրա է հիմնված. ռազմավարական ծրագրերի մշակում ու իրագործում, և օպերատիվ արձագանքում բոլոր խնդիրներին: Մեզ համար Երևանը սոսկ քաղաք ու բնակավայր չէ: Երևանը արժեք է, մեր ու մեր երեխաների ապագան է»,- նշեց նա:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի բացահայտմանն ՕԵԿ նախագահն ասաց. «Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյուն թափելու, ո՛չ էլ թալանի մեջ: Մենք եղել ենք «Մարտի 1»-ի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողը, աջակցել ենք, պայքարել ենք, հիմա էլ ողջունում ենք «Մարտի 1-ի» լիակատար բացահայտումը: Մեր դեմ արվել է այլանդակ, հետևողական սև քարոզչություն, մարտի 21-ին ստորագրվել է կոալիցիա, մայիսի 5-ին նշանակվել եմ անվտանգության խորհրդի քարտուղար»,-ասաց նա և նշեց, որ հինգը տարի առաջ տարաձայնությունների պատճառով դուրս է եկել: Խոսելով Ռոբետ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ դա իրավական գործընթաց է, որը պետք է տեղի ունենա Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը