Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին.
Դոլը, մասնավորապես, գրել է.
«Չնայած Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել ՀՀԿ-ի միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը:
Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»:
Մինչ այդ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Facebook-ի իր էջում գրել էր.
«Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Ժոզեֆ Դոլի հետ: Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:
Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման կարևորությունը, ընդգծել՝ Արևելյան գործընկերության շրջանակում խորհրդարանական դիվանագիտության դերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը