Վերջին 30 տարվա (1988-2018թթ) իրադարձությունները եղել են ներկայումս 40-ից բարձր երևի մոտ մեկ միլիոն հայաստանցիների առօրյա կյանքը: Ո՞վ կմոռանա իր կյանքը: Ո՛չ ոք: Արդյոք հենց այս օրերին մեր աչքի առաջ համառ փորձ չի արվում խեղաթյուրել վերջին տասնամյակների պատմությունը: Արվում է։ Այս մասին գրում է Panorama.am-ը։
Ո՞վ գիտե, եթե այս աստիճան ամբարտավանությամբ սուտը ճշտի տեղ շրջանառության մեջ չդրվեր ամբոխվարական հեղաշրջման արդյունքում հիմա իշխանություն դարձած տղերքի կողմից, թերևս ժողովրդի մի հատվածը ատամները սեղմած դեռ կսպասեր էյֆորիայի աստիճանական մարմանը: Բայց չէ՜, բոլորին են ուզում իրենց թրի տակով անցկացնել, իրենց ստերով բոլորին են ուզում մոլորեցնել-թունավորել: Չեղ՛ավ: Ա՛յ, հենց այստեղ չափը վերջնականապես անցնելով՝ արթնացրին թվացյալ անտարբերների, վախեցածների, սպասողների պատվախնդրությունը, ինչի արդյունքում պարտադրվող ստի դեմ տարբեր կողմերից ճշմարտությունն է գրոհում:
Այս առիթով ուզում եմ ներկայացնել մի զարմանալի գիրք, որտեղ ''Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՛՛... / եթե ծանոթ կարգախոս չէ, հիշեցնեմ, որ Խորհրդային Միությունում այն վերաբերում էր Հայրենական պատերազմի բոլոր դրվագներին և ողջ ու զոհված մասնակիցներին/: Իսկ ներկայացվող գիրքը ՝ «Խառնակ տարիների տարեգրությունը»ընդգրկում է 1988-1998թթ Հայաստանը: Հեղինակը «Գոլոս Արմենիի» թերթի երկարամյա աշխատակից Ալեքսանդր Թովմասյանն է:
Անհնար է հիմա պատկերացնել, բայց 1994թ. հունվարի 1-ի դրությամբ նվազագույն աշխատավարձը կազմել է 110 դրամ... /ոչ մի զրո բաց չեմ թողել/: Հունվարի 13-ի «Ռեսպուբլիկա Արմենիան» տեղեկացնում է, որ դոլարը 93 դրամ է: Հուվարի 16-17՝ գազ չկա, լույսը՝ 2-2,5 ժամ... /389 էջ/: 1994-ի դեկտեմբերի 20-ին թերթերը հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին իր տան շքամուտքի մոտ դիմահար երկու կրակոցից սպանվել է ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը /421 էջ/:
Այսօր՝ 2018-ի օգոստոսին, ականատես լինելով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ հյուսած միֆերով մեն-միակ քավության նոխազ ազդարարելու պարանոիդալ մարմաջին, մտածում ես, որ ամնեզիան՝ հիշողության կորուստը կամ վարակիչ է, կամ էլ պարզապես շատ ձեռնտու սիմուլյացիա է: Մի՞թե ազգովին մոռացանք սեպտեմբերի 25-26-ին ցուցարարների դիմաց շարած զինվորիկների վախեցած աչքերը, քաղաքը զավթած զրահամեքենաները, ավտոմատային կրակահերթերը, ջրցան մեքենաները,արցունքաբեր գազը...
Ժողովրդի դեմ բանակ հանելու փաստն այն ժամանակվա իշխանավորներ չէին էլ հերքում: Վկայությունը 1996-ի հոկտեմբերի 2-ին ԼՏՊ-ի երկրորդ ժամկետն ապահոված «հաղթողների» հայտնի խնջույքն էր գեներալ Մանվելի տանը, որի տեսագրությունն այն ժամանակ ձեռքից ձեռք էր անցնում /մոռացե՞լ եք/ և որի սղագրությունը հետագայում տպագրվեց «Այժմ» շաբաթաթերթում՝ համար 6/53/26.02-04.03. 1997թ. / 482 էջ/: Ահա փոքրիկ հատվածներ 482-485 էջերում զետեղված կենացներից.
՛՛Հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք…Բանակից հետո՝ ներքին զորքերը…մեր առաջին գունդը… Նրանք պաշտպանեցին սահմանդրությունը, պաշտպանեցին նախագահին… Կարևոր չէ, ով է նախագահը, կարևորը, որ սահմանադրությունը պաշտպանեցին… Երբ եռում են կրքերը, ժողովուրդը բաժանված է 2-3 մասի՝ գլխավոր խոսքը բանակինն է…՛՛:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը ստորագրում է հրամանագիր՝ «Իրավիճակից բխող անհետաձգելի միջացառումների»՛ մասին /Ռեսպուբլիկա Արմենիա/…արգելվում են հանրահավաքները, ցույցերը և այլն, անհրաժեշտության դեպքում իրականցնել այլ միջոցներ…/478 էջ/:
2008-ի հետ աղեսներ կա՞ն… Եվ այո, և ոչ:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին, բայց չեմ կարող չարձանագրել, որ երկակի / խիստ անձնավորված/ ստանդարտները ոչ մի լավ բանի չեն հասցնի: 1996-ին տեխնոլոգիաներն այնքան զարգացած չէին, որքան 2008-ին, տեսանկարահանումներ /իրական-սարքած-մոնտաժած-կոնտեքստից հանված/ գրեթե չկան, բայց մի բան ակնհայտ է, որ երկու դեպքում էլ գլխավոր դերում ԼՏՊ-ն է: Հենց 2008-ին է իր ողջ «հմայքով» հայտնվում նաև Նիկոլը Փաշինյանը: Հիմա, մեր աչքի առաջ կատարված և մեր հիշողություններում դեռևս թարմ իրողությունները ցանկացած ձևով շուռ ու մուռ տալով՝ արդյոք Տեր-Պետրոսյանն ու Փաշինյան կարծում են, որ իրենցից կքերեն մարդկանց փողոց հանելը, հրահրելն ու անտեր թողնելը: Արդարությո՞ւն եք ուզում՝ ուրեմն ձեր հսկայական մեղքն էլ ընդունեք:
Ժողովրդական ասացվածք կա «Ուրիշի աչքի փուշը տեսնում է, իր աչքի գերանը չի տեսնում»:
Բոլորն են ուզում, որ Հայաստանում լինի օրենքի գերակայություն, որ պատժվեն հատկապես հանրային մեծ հնչեղություն ստացած իրադարձությունների մեղավորներն անկախ դիրքից ու կարգավիճակից, բայց դա բնավ չի նշանակում օրենքի ընտրողաբար կիրառում, երկակի-բազմակի ստանդարտներ, մեր ու ձերի բաժանված հասարակություն:
Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս
Նյութն ամբողջությամբ կարդացեք Panorama.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը