03 09 2018

Արյան եռալը երբեմն լավ նշան չէ

Արյան եռալը երբեմն լավ նշան չէ

Նախորդ մի քանի օրերը անցան մարտի 1-ի գործի շուրջ ներգրավված կողմերի միջև յուրօրինակ փոխհրաձգությամբ: Սկզբում գործող վարչապետը ընդունեց զոհերի հարազատներին և հայտարարեց, թե գործը սկզբունքորեն բացահայտված է, մնում է դետալացված այն հասցնել ավարտին: Այնուհետև ՀՔԾ պետը կառավարության նիստից հետո հերթական անգամ փորձեց գրգռել հանրային հետաքրքրությունը՝ պնդելով թե ինչ-որ նոր փաստաթղթեր են ի հայտ եկել՝ ըստ սովորության՝ չմանրամասնելով ինչի մասին է խոսքը: Իշխանության այսպիսի գործելակերպը, սակայն, գալիս է ապացուցելու, որ կառավարությունը շարունակում է այս գործի առնչությամբ առավել կարևորել քարոզչական բաղադրիչը և որպես հիմնական խնդիր է դիտարկում Քոչարյանի մեղավորության կանխավարկածը հանրային գիտակցության մեջ ամրապնդելը:

Թեպետ Վերաքննիչ դատարանի վճիռն ապացուցեց այս գործելակերպի անհեռանկար լինելը, բայց իշխանությունը, ըստ էության, չունի ռեզերվում պահած այլ միջոց, բացի Վճռաբեկ դատարանի վրա ուղղակի ճնշում գործադրելուց, ինչն ինքնին անկասկած առկա է: Բայց կառավարությունում թերևս համարում են, որ ցանկալի արդյունք կապահովվի միայն այն դեպքում, եթե ներքին վարչական ճնշումը զուգակցվի նաև հանրային ճնշմամբ: Ուստի ՀՔԾ պետը հերթական անգամ հեռուստախցիկների առջև լուրջ դեմք ընդունելով խոսում է ինչ-որ նոր հայտնված փաստաթղթերի մասին , բայց նախաքննական գաղտնիքի վրա հղում անելով՝ բովանդակությունը չի պարզաբանում: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա այդ մասին հայտարարել, եթե դա զուտ քարոզչական հնարք չէ, հերթական անգամ հանրային կարծիքը նախատրամադրելու նպատակով:                                                                                                                    

Մինչդեռ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ.Սողոմոնյանը «Կենտրոնի» եթերում հաստատեց այն տեղեկությունը, որ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը դիմել է եվրոպոկան փորձագետներին՝ Վերաքննիչ դատարանի վճռի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Ըստ Սողոմոնյանի, սահմանադրական իրավունքի եվրոպական մասնագետները ևս կարծում են, որ Քոչարյանն այս գործի շրջանակներում լիովին իրավասու է օգտվելու սահմանադրական անձեռնմխելիությունից:

Այսինքն, այն, ինչ ասված է Վերաքննիչ դատարանի վճռում: Ավելին, եվրոպական փորձագետների ներգրավումը պաշտպանվող կողմին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում դատական բանավեճում ներգրավել նաև Սահմանադրական դատարանին: Որովհետև, եթե մեղադրանքը պաշտպանող դատախազությունը պնդի Վերաքննիչ դատարանի վճռի բեկանման վրա, Վճռաբեկ դատարանը լիովին իրավասու է ՍԴ-ին դիմել վերջնական պարզաբանում ստանալու համար:                                                                                                        

Սա իշխանությունների տեսանկյունից ամենևին ցանկալի սցենար չէ: Քանզի որքան շատ դատական ատյաններ միջամտեն գործին, որքան ավելի իրավական հարթության վրա, զգացմունքայնությունից զերծ քննվի այս գործը, այնքան իշխանության շանսերը նվազելու են իր համար ցանկալի արդյունքը ստանալու առումով:

Դեռ մեղադրանքի առաջադրման փուլում պարզ էր, որ հեղափոխական վարչախմբի հիմնական կռվանն այս գործում Քոչարյանի նկատմամբ խիստ բացասական էմոցիոնալ ֆոնի ստեղծումն էր, ինչը իր հերթին համապատասխան ճնշման է վերածվում արդեն դատարանում, ինչպես ցույց տվեց առաջին ատյանի փորձը: Վերաքննիչում այդ սցենարը չաշխատեց, ինչը հեղափոխական էյֆորիայի ֆոնին ուղղակի ցնցում էր վարչախմբի համար: Բայց մեղադրանքի իրավաբանական «շտկում» այլևս հնարավոր չէ, գրագետ թե անգրագետ, ներկայացված է այն, ինչ ներկայացված է:

Մնում է շարունակել սկսածը, բայց հենց դա էլ ծնում է իրավացի մտահոգություն, որ իշխանությունն ամեն գնով նպատակին հասնելու մոլուցքով բռնված՝ կարող է չխորշել ոչ մի «միջոցից»: Որովհետև վարչախումբը որոշակի իմաստով ինքն է իրեն սեղմել պատին՝ որպես սեփական գոյության առաջնային նպատակ դիտարկելով այս գործը հատկապես Քոչարյանի վրա «ջարդելը»: Այդ ցանկությունն այնքան դժվար է թաքցվում, որ գործող վարչապետի մերձավոր շրջանակին պատկանող քաղաքական վերլուծաբաններից մեկն օրերս հեռուստաեթերում բացահայտեց իշխանության մտադրությունները: Ըստ նրա, քանի որ մարտի մեկի դեպքերին երկու կողմից մասնակից են եղել հազարավոր մարդիկ, հնարավոր չէ բոլորին ներգրավվել գործում և որոշել յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը: Ուստի պետք է պատասխանատվության կանչվեն «հիմնական» մեղավորները:

Ահա այսպիսի պատկերացում արդարադատության մասին:

Թեպետ ամեն ինչ կարող է ընթանալ իշխանության սցենարին հակառակ, ինչպես հայտնի հին անեկդոտում. «Հայր ու որդի գետափին խորոված են անում, մի երկու բաժակ խմած հայրը, որդու խնդրանքով, որոշում է լողալով անցնել լայնահուն գետը: Բայց մի երկու մետր խորանալով հասկանում է, որ գետը շատ խորն է, հոսանքը ուժեղ ու վախեցած հետ է գալիս: Զարմացած տղան հարցնում է՝ վախեցա՞ր, ու հայրը ստիպված խոստովանում է. «Տղա ջան, երբ խմած ես ու գետի ափին, քեզ թվում է արյունդ եռում է, բայց երբ ջուրն ես մտնում, հասկանում ես, որ լուծողական ես խմել»:

 

Գայանե Ստեփանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ