Գերմանիայի կանցլերի` Հայաստան կատարած այցի կարևոր ձեռքբերումը երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված բանակցություններն են: Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Այցի ընթացքում տարբեր մակարդակներում կայացած հայ-գերմանական հանդիպումների ընթացքում մշտապես խոսվել է հայ-գերմանական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու երկկողմ հանձնառության մասին: Այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այս շրջանակում քննարկվել է վիզաների ազատականացման հարցը, որի վերաբերյալ մենք ստացանք գերմանական կողմի հստակ հավաստիացումները»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ` հայկական կողմը երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ու ծրագրեր է ներկայացնելու և արդեն հանձնառու է եղել այդ գործին:
Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսելու մասին ԱԳՆ խոսնակը նշեց, որ գտնվում են կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլում:
«Խորհրդակցություններն ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- մանրամասնեց Նաղդալյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին պաշտոնակատարը նշեց.
«Վերլուծական շրջանակներում այդպիսի քննարկումներ իսկապես տեղի են ունենում, բայց այդ շրջանակներում քննարկումները իրականացվում են ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Ես կբարձրաձայնեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Մենք այս առումով մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այդ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնվել է արտգործնախարարի կողմից»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը