27 08 2018

Արգելել բուքմեյքերական գրասենյակները, լուծել «պադավատների» թեման․ Ֆարմանյանի նախաձեռնությունները

Արգելել բուքմեյքերական գրասենյակները, լուծել «պադավատների» թեման․ Ֆարմանյանի նախաձեռնությունները

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դնելու երկու օրենսդրական նախաձեռնություն: 

«Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ և հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք կստանան։

1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։

2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +):

Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը ևս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։ Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։ Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի և պատվերի տևողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային և թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Ֆարմանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ