ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հարված հասցնելու պատճառ պետք է դառնա քիմիական զենքով իրականացված սադրանքը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն։
Օրեր առաջ Պարսից ծոց է ժամանել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում վերատեղակայվել է В-1В ռազմավարական ռմբարկուն՝ զինված 24 թևավոր հրթիռներով։ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ այս ամենն արվում է Սիրիային հարված հասցնելու համար։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայի դեմ հերթական ագրեսիայի ակտին ԱՄՆ-ի և իր դաշնակիցների պատրաստվելու անուղղակի ապացույցն այդ երկրների ներկայացուցիչների «անհիմն» հայտարարություններն են՝ սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառմանն «ամենավճռական ձևով» պատասխան տալու մտադրության մասին։
Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ սադրանքը պատրաստում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը