Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով Կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 120 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 16-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ս.թ. հոկտեմբերի 6-13-ն ընկած ժամանակաշրջանի համար ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ:
Ամրագրումներն արվել են դեռևս 2017թ նոյեմբերին և եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու և կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը:
Խնդիրը քննարկվել է հյուրանոցների հետ և արդյունքում առաջացել է հյուրանոցների հետ պայմանագիր կնքելու և 25% կանխավճար կատարելու անհրաժեշտություն` արված ամրագրումները մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը պահելու նպատակով: Համաձայն ձեռք բերված նոր պայմանավորվածության` ՀՀ ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը արդեն ամրագրված սենյակների համար հետ է վերադարձվելու պետական բյուջե:
Ստեղծված իրավիճակում հյուրանոցների հետ պայմանագրերի կնքումը և 25% կանխավճարների փոխանցումը միակ երաշխիքն է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի մասնակից հյուրերի կեցությունը հավուր պատշաճի ապահովելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը