«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն իր «Հակազդեցություն Էրդողանի քարոզչությանը «Նյու Յորք թայմս» թերթում» հոդվածում գրել է․ «Թուրքիայի կառավարությունը տարիներ շարունակ մի շարք ամերիկյան ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Դա շատ թանկ է, և Թուրքիայի կառավարությունը ստիպված է խոշոր գումարներ ծախսել, քանի որ չի կարող ապավինել Ամերիկայի թուրքական համայնքին՝ իր անունից լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Նույնը իրավիճակում է գտնվում Ադրբեջանը: Թուրքական և ադրբեջանական համայնքներն ակտիվ չեն ամերիկյան քաղաքականության մեջ և այդքան վաղուց գոյություն չունեն, ինչպես հայկական համայնքը:
Ահա թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն ապավինում վճարովի լոբբիստներին՝ ԱՄՆ-ում իրենց շահերն առաջ տանելու համար: Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում տեղի ունեցած վերջին սրացումը, հավանաբար Թուրքիայի կառավարության կողմից վարձված ընկերություններից մեկին խնդրել էին սյունակ նախապատրաստել Էրդողանի անունից։ Սյունակը պետք է ավելի շուտ արտացոլեր Էրդողանի տեսակետները, քան PR ընկերության ներկայացուցիչների:
Այն, ինչ հրապարակվել է «Նյու Յորք թայմս» թերթում, Էրդողանի բռնակալական կեցվածքին բնորոշ ճոռոմ հոդված է։ Էրդողանը մերժել է PR ընկերության ավելի դիվանագիտական տեքստը՝ հոդվածը դարձնելով անիմաստ՝ ԱՄՆ-ի վրա դրական ազդեցություն թողնելու իմաստով: Թուրքիայի նախագահի հոդվածն ունի «Ինչպես է Թուրքիան տեսնում ԱՄՆ-ի հետ ճգնաժամը» վերնագիրը և «Միացյալ Նահանգների դեմ Թուրքիայի միակողմանի գործողությունները կվնասեն ամերիկյան շահերին և կստիպեն Թուրքիային փնտրել այլ բարեկամներ ու դաշնակիցներ» ենթավերնագիրը։
Եթե Էրդողանը խելք ունենար, վաղուց հրամայած կլիներ ազատ արձակել Բրանսոնին և խուսափել ԱՄՆ-ի հետ առճակատումից։ Բայց քանի որ Էրդողանը և նրա կրտսեր եղբայր Իլհամ Ալիևն անհավասարակշիռ անձնավորություններ են, նրանք հակագովազդ են անում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որը որևէ PR ընկերություն չի կարող կարգավորել՝ անկախ վճարվող գումարի մեծությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը