14 08 2018

Ո՞վ չէր ցանկանում, որ կարևոր հարցերին պատասխան տրվեն

Ո՞վ չէր ցանկանում, որ կարևոր հարցերին պատասխան տրվեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Իր ֆորմատով սա բացառիկ էր, որին մասնակցել կարող էին բոլոր լրատվամիջոցները՝ արդեն ինչպես տեսանք՝ առանց բացառության: Իսկ հարցերը, վստահաբար, շատ էին՝ մարտի 1-ի գործ, հոկտեմբերի 27, քաղաքականություն մուտք, Պուտինի հետ ընկերություն, Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններ, այս տարիներին տարածված մի շարք ասեկոսեներ և այլն: Եկել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոշները՝ մեկից ավելի նկարահանող խմբերով: Ինքս ներկա էի, որովհետև անձամբ ունեի երկու հարց, որը, վստահ եմ, շատերին կհետաքրքրեր: Այս ասուլիսը կարող էր լույս սփռել մի շարք կարևոր մութ հարցերի:

Մենք բոլորս ասուլիսից ցույց տալու բան իհարկե, ունենք, բայց արդեն՝ ուրիշ բան: Մի քանի տասնյակ ծանոթ ակտիվիստներ ներխուժեցին ասուլիսի դահլիճ ու դեռ չսկսված՝ այն տապալեցին: Փաստենք՝ խափանեցին ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որքան մեր՝ լրագրողներիս աշխատանքը, որոնց մեծ մասը, վստահաբար կրկնում ենք՝ կարևոր հարցեր ուներ տալու, և որոնց պատասխանին սպասում էր հանրությանը:

Եկեք սթափ վերլուծենք կատարվածը: Սթափ վերլուծելը նշանակում է, որ մոտ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող 13.000 ֆեյքերի ուշադրությունն այս նյութին չի հրավիրվում:

Իսկ ովքե՞ր էին ակտիվիստները

Ասուլիսը տապալողները տասնյակ մարդիկ էին, որոնց թիվը, վստահաբար, եռակի քիչ էր լուսաբանողների թվից:

«Կոնկրետ անձինք, որոնք ձախողեցին ասուլիսը, ճանաչված են հանրության շրջանում որպես «Իմ քայլը» շարժման ակտիվիստներ, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Համացանցում արդեն տարածվել են նրանց անուններն ու լուսանկարները.

Ամիգո Ղուկասյան – Նիկոլ Փաշինյանի օգնական/վարորդ, «Իմ քայլը» շարժման անդամ:

Արմեն Մկրտչյան – ՀՀ ոստիկանապետի խորհրդական, «Իմ քայլը» շարժման անդամ:

Վահան Կոստանյան - Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար, «Իմ քայլը» շարժման անդամ
:

Դավիթ Պետրոսյան - Տարկետման իրավունքի դեմ պայքարի ղեկավար, ըստ տեղեկությունների՝ աշխատում է հայտնի Սորոսի դրամաշնորհով գործող լրատվամիջոցում, «Իմ քայլը»շարժման անդամ:

Անուշ Հարությունյան - ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից, ժամանակին անցնում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով. նա էր ԱԺ մուտք գործելու համար անցագրեր իջեցրել Նաիրի Հունանյանին։

Տիգրան Մազմանյան - ՔՊ անդամ, հայտնի է հեղափոխության օրերին «Հանրային ռադիո»-ի դուռը կոտրելով, այժմ աշխատում է Սփյուռքի նախարարությունում:

Զոյա Թադևոսյան – ՀԱԿ անդամ, հայտնի է Արցախի ազատագրված տարածքները որպես գրավյալ հողեր հանձնելու կոչերով:

ՀԱԿ անդամներ և «Իմ քայլը» շարժման մասնակիցներՎահրամ Թոքմաջյան, Կարեն Թովմասյան, Տիգրան Առաքելյան, Աշոտ Ադամյան և այլք:

Որոշները կգրեն, թե ամբողջ ժողովուրդն էր մասնակցում «Իմ քայլը» շարժմանը: Իհարկե՝ դա չափազանց պարզունակ մոտեցում է, քանի որ սա հենց իշխանամերձ հատվածն է, իսկ ամբողջ ժողովուրդն այդպիսին չէ, բնականաբար, որքան էլ վարչապետ Փաշինյանը հայտարարի, թե՝ դուք բոլորդ վարչապետ եք:

Հենց «իշխանամերձ ակտիվիստների» բողոքի ակցիան ցույց է տալիս, որ ակցիա էր անում ամբողջ կառավարությունը՝ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների գրասենյակներով և ոստիկանապետով: Ի դեպ, ոստիկանապետի խորհրդականի մասնակցությունն էլ հենց պատասխանում է հարցին, թե ինչու էին ոստիկաններն այդքան պասիվ և չէին միջամտում ոչ լրագրող մի քանիսի՝ ասուլիսի սրահ մուտքին, իսկ մուտքի մոտ թողնում էին, որ շենք բարձրանա ով ցանկանում է:

Իսկ ինչո՞ւ էին նրանք կամենում տապալել ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մի քանի անգամ նշել են, որ երկրորդ նախագահը դատարանում ունեցել է շատ կարևոր ելույթներ, որոնք շատ հարցերի վրա լույս են սփռում, բայց իրենք՝ որպես փաստաբան, իրավունք չունեն ելույթը հրապարակելու, Քոչարյանը՝ երևի թե իրավունք ունի: Սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանը կարևոր հայտարարություններ կանի ասուլիսի ընթացքում, որոնք կարող է և ձեռք չտան այսօրվա իշխանություններին: Ուրեմն պետք էր դա կասեցնել:

Եվ դատելով ակցիայի մասնակիցների «սնուցման օջախից»՝ ամենայն հավանականությամբ հենց այդպես է, որ կա:

Բայց նրանք միայն դա չէին ուզում ասել: Սա իշխանության անունից ճնշում էր ոչ միայն լրագրողների, երկրորդ նախագահի վրա, այլև արդարադատության համակարգի:

Բանն այն է, որ արդեն մեկ երկու շաբաթ է, ինչ եթերներից Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը պետք է թողնել անփոփոխ, ինչը Քոչարյանի փաստաբանները համարում են ճնշում դատարանի վրա: Դատավորի վճռից հետո ՀՔԾ-ն, առանց հիմքերն ուսումնասիրելու, անմիջապես հայտարարեց, որ սա սխալ որոշում էր՝ ապօրինի: Այսինքն՝ հաջորդ ճնշումը՝ արդեն դատախազության և հնարավոր է՝ վճռաբեկ դատարանի վրա:

Նշենք, որ վերաքննիչ դատարանը երկու օր քննում էր գործը, ևս մեկ օր զբաղեցրել էր վճիռ կարդալու համար, և այդ ամբողջ ընթացքում դատարանի առաջ գրեթե բողոքավոր չկար, այլ միայն Զարուհի Փոստանջյանը. Ինչո՞ւ, հավանաբար՝ մտածում էին, որ ՀՔԾ պետի ճնշումները տեղ են հասել: Ու հիմա, արդեն, հայտնվում են ցուցարարներ, արդեն նշեցինք, թե որ շրջանակներից:

Բաղրամյան 26-ը, ըստ վարչապետ Փաշինյանի, այլևս պատվեր չի իջեցնում դատավորին: Դեմ չենք, բայց դա չի նշանակում, որ Բաղրամյան 26-ն ակտիվիստի դիմակի տակ «պատվիրակություն» չի կարող ուղարկել դատավորի մոտ: Աշխատանքային ժամին ոստիկանապետի խորհրդականը բողոքի ցույցի է եկել, Սփյուռքի նախարարության, ՍԱՊԾ աշխատակիցը՝ նույնպես: Եթե դա գործուղում չէ, ապա ինչո՞ւ նրանք իրենց աշխատասենյակներում չեն: «Ակտիվիստները» գլխավոր դատախազից պահանջում են Քոչարյանի վերաբերյալ վճիռ կայացրած դատավորին «կարգալույծ» անել: Վստահաբար, նրանք էլ, ՀՔԾ-ի պես, դեռ չեն կարդացել վճիռը, հիմքերը, բայց պահանջում են: Ճնշում են գործադրում նաև դատախազության վրա, որպեսզի բողոքարկի վերաքննիչի վճիռը վճռաբեկ դատարան, իսկ վաղը, վստահաբար, ճնշում են բանեցնելու վճռաբեկի վրա: Իսկ ո՞վ է կարծում, թե իշխանամերձ և իշխանության մոտ աշխատողների բողոքները հոգու ակունքներից են բխում, այլ ոչ՝ կոնկրետ տեղից:

Մի քանի կոնկրետ ցուցարար որոշում են՝ վճիռն իրավաչափ էր, թե ոչ, մարդիկ, որոնք համացանցում համարձակություն չունեն անգամ սեփական դեմքը բացելու, որոշում են՝ լրագրողը ճի՞շտ է աշխատում, թե՝ ոչ, համարձակություն են ստացել ասուլիսը լուսաբանող լրագրողներին համարել ծախվածներ: Ու վստահաբար՝ պատվիրող կողմը կարող է նրանց կարծիքը ներկայացնել որպես հասարակության լայն շերտերի պահանջ, ինչպես ՀՔԾ պետը՝ ընտրությունների կեղծման մասին մեղադրանքները ներկայացնելիս:

Այս ամենին գումարենք այն, որ հենց այս իրադարձություններից անմիջապես հետո ուղիղ եթեր է հանկարծ մտնում Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով բոլորի՝ անխուսափելիորեն պատժվելու մասին: Կանգնել ենք, իջեք: Նայեք՝ ոտքերի տակ տիղմ չլինի, ասում են՝ քաշում է ... մինչև կոկորդը ...

Կարծում ենք՝ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա, բայց հարց է՝ հասարակությունն այս անգամ իրենց հարցերի պատասխանը կստանա՞ և արդեն այդ անգամ երկրորդ նախագահին որևէ մեկը չի կարող մեղադրել, թե հարցազրույց է տալիս ընտրողաբար:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ