31 07 2018

430 000 դոլար` բրիտանացի խորհրդարանականների Ադրբեջան այցերի համար

430 000 դոլար` բրիտանացի խորհրդարանականների Ադրբեջան այցերի համար

Transparency International կազմակերպության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղը բացահայտել է, որ Ադրբեջան բրիտանացի պատգամավորների այցերը ֆինանսավորելու համար հազարավոր դոլարներ են ծախսվել: Այս մասին գրում է The Guardian-ը: 

Զեկույցում նշվում է՝ 2007-2017 թվականներին Ադրբեջան այցելելու նպատակով պատգամավորների թռիչքների և կեցության համար ավելի քան 430.000 դոլար է հատկացվել: 12 պատգամավորի էլ ավելի քան 110.000 դոլար է վճարվել ռուսական պետական հեռուստատեսությամբ հանդես գալու համար:

Խորհրդարանականները, ինչպես նշվում է զեկույցում, ընդունել են կոռումպացված և ռեպրեսիվ քաղաքականություն վարող երկրների իշխանությունների հյուրասիրությունը՝ դրա դիմաց քաղաքական լոբբինգ իրականացնելով: Շատ պատգամավորներ այցելություններ են իրականացրել, որոնց համար ամբողջապես վճարել են հյուրընկալող երկրների իշխանությունները: :

Զեկույցի հեղինակները նշում են՝ սա առաջին անգամը չէ, որ ներկայացվում է օտարերկրյա իշխանությունների կողմից բրիտանացի խորհրդարանականների շրջանում լոբբինգի անպատշաճ վարքագիծը, սակայն տվյալ զեկույցը ցույց է տալիս, որ դա համակարգային բնույթ է ստանում:

«Transparency International-Մեծ Բրիտանիա»-ն կոչ է արել հետաքննել խորհրդարանականների վարքը կոռումպացված և ռեպրեսիվ իշխանությունների լեգիտիմացման գործում: Կազմակերպությունը խորհուրդ է տվել սահմանափակել խորհրդարանականների՝ օտար երկրների և նրանց լոբբինգով զբաղվողների կողմից ֆինանսավորվող ուղևորությունները, ինչպես նաև արգելել օտար երկրներին վճարովի կամ կամավոր ծառայություններ տրամադրել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ